Թուրքական Անքա անօդաչու թռչող սարքն արբանյակային կապ կունենա

Թուրքական արտադրության «Անքա» անօդաչու թռչող սարքը կարող է համալրվել արբանյակային կապով, ինչպես նաև առաջիկայում մի քանի մոդիֆիկացիաներ ունենալ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը։

Նա նշել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքը կարող է որոշ արտաքին փոփոխություններ կրել՝ կապված մոդիֆիկացիաների հետ։

Մոդիֆիկացիաների թվում է ներառվելու նաև արբանյակային կապի սարքավորումների տեղադրումն ԱԹՍ-ի վրա, ինչպես նաև այլ փոփոխություններ, որոնք Բայարը չի մանրամասնել։

 

Միևնույն ժամանակ որոշվել է Անքա անօդաչու թռչող սարքերը համալրել Turkish Engine Industries (TEI) ընկերության արտադրած շարժիչներով, քանի որ Thielert ընկերությունը, որն էլ մատակարարում էր դրանք, մտել է չինական AVIC ընկերության կազմի մեջ և դադարեցրել պայմանագրի կատարումը։

Անքա անօդաչու թռչող սարքերի արտադրությամբ զբաղվում է թուրքական ԹԱԻ (TAI) ընկերությունը։ ԱԹՍ-ի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2004 թվականին, երբ համապատասխան պայմանագիր ստորագրվեց Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարության և TAI ընկերության միջև։

Անքան առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի դեկտեմբերի 30-ին։ Ավարտական փորձարկումներն անցել է 2013 թվականի հունվարին, որից հետո ընդգրկվել է սպառազինությունում։

Արագությունը 217 կմ/ժ է, կարող է օդում մնալ շուրջ 24 ժամ, թռիչքներ կատարել 3 կմ բարձրության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *