Ամերիկյան 47 միավոր կործանիչ չի թռչում անորակ պահեստամասերի պատճառով

ԱՄՆ ռազմածովային ուժերի 47 միավոր F-15 բազմաթիրախ կործանիչներ չեն կարող օդ բարձրանալ դրանց վրա անորակ պահեստամասեր տեղադրելու պատճառով։ Բանն այն է, որ կործանիչների համար պահեստամասեր արտադրող Allied Components (Ըլայդ Քոմփոնենթս) ընկերությունը, որը դրանք պիտի արտադրեր ԱՄՆ տարածքում, չի կատարել իր պարտավորությունները, այլ պահեստամասերը տրամադրելու պատվերը փոխանցել է հնդկական ընկերության։
Հնդկական ընկերությունն իր հերթին արտադրության ընթացքում թույլ է տվել թերացումներ, ինչի հետևանքով պատրաստված պահեստամասերը անպետք են ստացվել։

ԱՄՆ ՌՕՈւ F-15 Eagle կործանիչը Sparrow կառավարվող հրթիռը բաց թողնելիս
Allied Components ընկերության ղեկավար Ռոբերտ Լուբային սպառնում է 5 տարի ազատազրկում, քանի որ, բացի պարտավորությունները չկատարելը, ամերիկյան ընկերությունը հնդկական կողմին է հանձնել կործանիչների տեխնիկական փաստաթղթերը, որոնք գաղտնի են։
Այս ամենի արդյունքում ԱՄՆ ՌՕՈւ 47 միավոր կործանիչները անգործունակ են, դրանցով թռիչքներ իրականացնելը՝ արգելված, իսկ կործանիչները պիտի անցնեն թանկարժեք նորոգում։
Բազմաթիրախային F-15 կործանիչները նախատեսված են օդային մարտերում գերակայության հասնելու համար, ամերիկյան ԶՈւ սպառազինության են ընդունվել 1976-ին։

Կործանիչը անձնակազմը 1 հոգի է։ Զինված է 6 փողանոց 20 մմ թնդանոթով, կրում է 4-ական AIM-9 Sidewinder (Սայդվայնդեր) ու AIM-7 Sparrow (Սփերոու) «օդ-օդ» տիպի կառավարվող հրթիռներով, կործանիչի որոշ տարբերակների վրա տեղադրվում են AIM-120 AMRAAM «օդ-օդ» կառավարվող հրթիռներ։

ԱՄՆ ՌՕՈւ F-15E Strike Eagle կործանիչը
Դատարկ ինքնաթիռի զանգվածը 12,7 տոննա է, թռիչքի առավելագույն բեռնվածությամբ՝ 30,8 տոննա։ Առավելագույն արագությունը բարձր թռիչքի ժամանակ հասնում է 2650 կմ/ժ-ի, ցածր թռիչքի ժամանակ՝ 1480 կմ/ժ-ի։ Թռիչքի առավելագույն բարձրությունը 20 կմ է, թռիչքի հեռավորությունը՝ 1967 կմ։

Չորրորդ սերնդի F-15 կործանիչը ներկայումս ընդգրկված է ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի ու Ճապոնիայի զինված ուժերի սպառազինության մեջ։ Տարբերակից կախված՝ կործանիչի գինը տատանվում է 27,9-29,9 մլն ԱՄՆ դոլարի միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *