Նոր պաշտպանության նախարար և նոր նշանակումներ՝ Ադրբեջանում։ Նոր նշանակումները մեկնաբանում են փորձագետներն ու զինվորականները։ Զինծառայողի մեղքով՝ ավտովթար։ Զոհված զինվորի հարազատները չեն հավատում ՊՆ վարկածին։ Փոխհրաձգություն՝ լեզգիաբնակ շրջանում։ Իլհամ Ալիևին հրավիրում են Մինսկ։ Հայկական կողմն առնչություն չունի «ականի վրա պայթած ադրբեջանցու հետ»։
1. Գախի շրջանի բնակիչ, Ադրբեջանի ներքին զորքերի զինծառայող Ռուսլան Իսա օղլու Ռասուլովը «Օպել» մակնիշի մեքենայով բախվել է ճամփեզրի ծառին։ Բախման հետևանքով վարորդը և ուղևորները՝ Ֆահրադդին Նադիրովը, Գյուլաղա Նադիրովն ու Նազլը Նադիրովը, ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Գետաբեկի շրջանում տեղակայված զորամասերից մեկում հոկտեմբերի 12-ին պաշտոնական վարկածով գլխի ուռուցքից մահացել էր 1992-ին ծնված զինծառայող Ռաջաբով Մուրադ Աքփեր օղլուն: Հարազատները պնդում են՝ իրականում մահվան պատճառը ստացած մարմնական վնասվածքներն են:
2. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով հոկտեմբերի 22-ին երկրի պաշտպանության նախարարը փոխվել է. Սաֆար Աբիևին փոխարինել է ներքին գործերի նախկին փոխնախարար Զաքիր Ասքեր օղլու Հասանովը։
Ադրբեջանի ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը, որը վատ հարաբերություններ ունի նախկին նախարար Սաֆար Աբիևի հետ, մեկնաբանել է վերջինիս պաշտոնաթող լինելու փաստը՝ անդրադառնալով նաև նորանշանակ նախարարին։
Այս թեմայով տեսակետներ են հայտնել նաև Ադրբեջանի ռազմական փորձագետները:
Կարծիքներ կան, որ Հասանովը նշանակվել է Նախիջևանի Ալիևների կլանի հետ ունեցած սերտ կապերի շնորհիվ:
Ադրբեջանի ԶՈւ ակադեմիայի զորքերի ծառայության ամբիոնի նախկին վարիչ, գեներալ-մայոր Լենքորան Ալիևը վկայեց՝ իր համար միևնույն է, թե ով նախարար կլինի:
Նոր նախարարը հաջորդ օրն իսկ կադրային կտրուկ փոփոխություններ կատարեց: ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նշանակվել են պաշտպանության նոր փոխնախարար, ՌՕՈւ հրամանատար և ՊՆ տեսչական վարչության պետ:
Հետաքրքիր է, որ ժամեր անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց ՌՕՈւ նոր հրամանատարի նշանակման լուրը՝ անպատասխան թողնելով մյուս նշանակումների վերաբերյալ տեղեկությունները:
Հոկտեմբերի 25-ին պաշտոնանկ արվեց ՊՆ քարտուղարության ղեկավար, գնդապետ Սամիր Մուսաևը: Պաշտոնական աղբյուրները դեռևս չեն արձագանքել:
3. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին մեկնաբանել են ականի վրա «պայթած ադրբեջանցու դին հայկական կողմում» լինելու ադրբեջանական ապատեղեկատվությունը:
4. Ադրբեջանի հյուսիսային լեզգիաբնակ Գուսարի շրջանում գրանցված փոխհրաձգության հետևանքով ոստիկանության մայոր է մահացել։ Ադրբեջանը կրակողներին բնութագրում է որպես «ծայրահեղական կրոնական խմբավորման անդամներ»։ Ոստիկանները սպանել են 2 զինված բնակչի, իսկ օրեր անց՝ փախուստի դիմած երրորդին:
5. Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) բեռնափոխադրումների 30%-ը ներկա դրությամբ Ադրբեջանի տարածքով է իրականացվում։
6. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է՝ մտադիր է առաջիկայում մեկնել Ադրբեջան՝ Իլհամ Ալիևի հետ էներգետիկայի ու ռազմական համագործակցության վերաբերյալ մանրամասներ քննարկելու։
Ռազմաշաբաթը նաև՝