Թուրքիան կրճատում է պարտադիր զինծառայության ժամկետը. գոհ են բոլորը

Թուրքիայում պաշտոնապես կրճատվեց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը։ Այսուհետ «երկար» ժամկետով ծառայության մեկնողները ծառայելու են 12 ամիս նախկին 15 ամսվա փոխարեն։

«Կարճ» ժամկետով ծառայությունը, որը նախատեսված է բուհերում սովորող կամ դրանք ավարտած զորակոչիկների համար, մնալու է նույնը, այն է՝ 6 ամիս։

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ


Թուրքիայի կառավարության ընդունած որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտնելու 2014 թվականի հունվարի 1-ից։ Այս մասին հոկտեմբերի 25-ին հայտարարվեց Թուրքիայի պաշտոնաթերթում (Resmi Gazete)։

Այսպիսով, երկար քննարկումներից հետո ի վերջո Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի կառավարությունը կարողացավ կրճատել պարտադիր զինծառայության ժամկետները։ Այն, որ թուրքական կառավարությունը վստահաբար կկարողանա կյանքի կոչել այս նախագիծը, հայտնի էր այն բանից հետո, երբ օրերս Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը համապատասխան հայտարարությամբ հաստատեց, որ կողմ է այս քայլին՝ այդպիսով կանաչ լույս վառելով Էրդողանի համար։ Սակայն այստեղ հետաքրքրական է այն, որ կառավարությունը չի բավարարել գլխավոր շտաբի առաջարկը, որով այն առաջարկում էր փոփոխություններն ուժի մեջ մտցնել 2014 թվականի մարտի 1-ից։ Կառավարությունում որոշել են անցնել նոր փոփոխություններին անմիջապես տարեսկզբից։ Բացի այդ, հաստատվել է, որ փոփոխությունները տարածվելու են նաև արդեն զինվորական ծառայություն իրականացնող ժամկետայինների վրա։

«Կարճ» ժամկետով ծառայությունը, ինչպես վերը նշեցինք, կազմելու է 6 ամիս և նախատեսված է լինելու բուհերում սովորող կամ դրանք ավարտած զորակոչիկների համար։ Թուրքական կառավարության այս նախաձեռնության դեռ սկզբից էլ հասկանալի էր, որ Թուրքիայում դժվար թե կրճատեն 6-ամսյա ծառայությունը, քանի որ այն ռազմական տեսանկյունից էլ մոտ է նվազագույնին. այսինքն՝ քիչ թե շատ նորմալ զինվորական պատրաստության համար գոնե այդքան ժամանակ է անհրաժեշտ։

Եվ բացի այդ, պետք է նշել, որ «կարճ» ծառայության համար զորակոչվողների թիվը զգալի պակաս է «երկար» ծառայության կանչվողների թվից։

Թուրքիայի զինված ուժերում, որտեղ զորակոչային տարիքը 20-ն է, պաշտոնական տվյալներով ներկայում ծառայություն է իրականացնում շուրջ 380 հազար ժամկետային զինծառայող։

Իսկ այժմ փորձենք հասկանալ, թե ինչու Էրդողանը որոշեց այս պահին գնալ փոփոխությունների հետևից և կարողացավ հաջողությամբ ավարտին հասցնել իր մտադրությունը։

Թուրքիայում պարտադիր զինծառայության կրճատման թեման պտտվում էր վերջին մի քանի տարիներին, սակայն խոսակցություններն ու առաջարկները սկսեցին որոշակի հիմք ստանալ, երբ Էրդողանն այս տարվա հոկտեմբերի սկզբին հայտարարեց կառավարության ՝ առաջիկայում պարտադիր զինծառայության չափը կրճատելու մտադրության մասին։ Էրդողանի այս քայլի համար հիմք էր ծառայել նախ այն, որ գալիք տարի Թուրքիայում ընտրություններ են սպասվում (ընդ որում, առաջին անգամ Թուրքիայում նախագահին ընտրելու է ժողովուրդը, ոչ խորհրդարանը)։

Սա կարելի է դիտարկել ընտրազանգվածի ձայները ստանալուն ուղղված քայլ՝ հաշվի առնելով, որ փոփոխություների արդյունքում, թուրքական առաջատար լրատվամիջոցների հաշվարկով, ժամանակից շուտ է զորացրվելու 70 հազար «մեհմեթչիք» (այսպիսի փաղաքշական անուն են տալիս զինվորներին Թուրքիայում)։ Իսկ հասարակությունը, հատկապես զինծառայողների ծնողներն ու հարազատները, նման հարցերում բավական զգայուն են:

Մյուս կողմից Թուրքիան փորձում է արդիականացնել զինված ուժերը, բանակը է բարեփոխումների փուլում է, որոնց շրջանակներում նախատեսված է քանակից անցնել որակին (Թուրքիայի ԶՈւ-ի դեպքում ներկայում առավել ընդգծված է քանակական կողմը), որը ենթադրում է անձնակազմի թվաքանակի կրճատում։

Կարևոր է նաև այն, որ Թուրքիան հասկանում է՝ ներկայում տարածաշրջանում մեծաքանակ զորքեր ունենալն ու դրանց վրա հսկա ռեսուրսներ ծախսելն այնքան էլ նպատակահարմար չէ ներկա պայմաններում (Հունաստանը լրջագույն տնտեսական խնդիրներ ունի, զբաղված է իր ներքին հոգսերով, Կիպրոսը չունի ռազմական ճանապարհով իր հյուսիսային շրջանները թուրքական բռնազավթումից ազատելու կարողություն, Սիրիայի զինված ուժերի նախկին հզորությունը չունեն, նաև այլ խնդիրներով են զբաղված, Իրաքը նախ պետք է փորձի չկորցնել իր հյուսիսային քրդաբնակ հատվածները, Վրաստանը, Ադրբեջանն ու Հայաստան դժվար թե առաջիկայում թուրքական կողմի հետ զինված բախման գնան, նույնը նաև Բուլղարիան, Իրանը նույնպես հիմնականում իր ոչ անմիջական հարևան հակառակորդներով է զբաղված)։ Այս որոշման հետ կախված կա ևս մեկ կարևոր հանգամանք. քրդական խնդիրն ու դրա խաղաղ լուծմանն ուղղված վերջին քայլերը։

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK), որը վերջին 30 տարիներին թուրքական բանակի գլխավոր հակառակորդն էր, մայիսից հրադադար է հայտարարել և երկրից դուրս բերել իր անդամների մի մասին։ Թեև ներկայում որոշակի լարվածություն կա և PKK-ից եկող վտանգն ամբողջովին չեզոքացված չէ, սակայն ստեղծված իրավիճակը թույլ է տալիս թուրքերին վերակազմավորել և վերափոխել զինված ուժերը, ինչն էլ նրանք անում են։

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

One response to “Թուրքիան կրճատում է պարտադիր զինծառայության ժամկետը. գոհ են բոլորը

  1. Pingback: Թուրքիայի զինված ուժերի անձնակազմի թիվը հայտնի է | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *