Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 7-13

Թուրքիայի խաղաղապահները ևս 1 տարի կմնան Լիբանանում։ Զորավարժություններ և զորավարժությունների համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թուրքիան մասնակցում է Սև ծովում անցկացվող խոշոր միջազգային զորավարժությանը։ Թուրք գեներալներին զրկին հեղաշրջումն օրինականացնելու հնարավորությունից։ Թուրքական բանակում ինքնասպանություն գործողների մեծ մասը հայեր, քրդեր և ալևիներ են, պնդում է պատգամավորը։ Թուրքիայում ծանոթացել են A400 ինքնաթիռին։ Լուրջ փոփոխություններ PKK-ի ղեկավար կազմում։ Ինքնասպանության դեպք։ ՆԱՏՕ-ի դաշնակցային զինված ուժերի հրամանատարը Թուրքիայում էր։

2013_28

1. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ (UNIFIL) խաղաղապահ առաքելության կազմում գործող Թուրքիայի զինված ուժերի զորախումբը ևս մեկ տարով կմնա այդ երկրում: Թուրքիայի խորհրդարանի համապատասխան որոշմամբ՝ թուրքական զորախումբը Լիբանանում կմնա մինչ 2014 թվականի սեպտեմբերը։

2. Թուրքիան Ադրբեջանի և Վրաստանի հետ մասնակցում է «Ծովային զեփյուռ-2013» (Sea Breeze-2013) միջազգային զորավարժությանը, որն անց են կացնում Ուկրաինան և Միացյալ Նահանգները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Ծովային զորավարժությունն անց է կացվում Սև ծովում հուլիսի 8-ից 20-ը։

3. «Թուրքիայի բանակում ինքնասպանություն գործող զինվորներից շատերը հայեր են, քրդեր, ալևիներ կամ էլ հասարակության առաջադեմ հատվածի ներկայացուցիչներ, ինչը չի կարող պատահականություն համարվել»,-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մյուլքիյե Բիրթանեն, ով հավելել է, որ ինքնասպանություն որակվող դեպքերի մի մասը խիստ կասկածելի է

4. Ադրբեջանի ՊՆ համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ Ստամբուլում բաց ծովային զորավարժություն կանցկացվի։ Այն  նախատեսվում է անցկացնել հուլիսի 13-ից օգոստոսի 6-ը։

5. Հուլիսի 10-ին երկու օր ժամանակով Թուրքիա էր բերվել Airbus A400 ինքնաթիռը, որը տարբեր երկրներով թռիչքներ է կատարում՝ հնարավորություն ընձեռելով տեղում  ծանոթանալու ինքնաթիռի հետ։ Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե Թուրքիան 10 միավոր A400 է ձեռք բերելու։ 

6. Մայիսի 8-ին հրադադար հայտարարած և ներկայում Թուրքիայի տարածքը լքող PKK-ի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են եղել։ KCK-ի խորհրդի նախագահ Մուրաթ Քարայըլանը, ով վերջին շրջանում համարվում էր PKK-ի դե ֆակտո հրամանատարը, լքել է այդ պաշտոնը և ստանձնել է քրդական կազմակերպության ռազմական թևի՝ HPG-ի հրամանատարությունը։

7. Հուլիսի 10-ին Թուրքիայում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել։ 26-ամյա Ռ.Յ.-ն 8 ամսից ավել է, ինչ ծառայում էր Այդըն նահանգի զորամասերից մեկում։ Թեև 2013 թվականի ինքնասպանությունների վերաբերյալ տվյալներ չկան, սակայն 2012-ին, ըստ պաշտոնական շրջանակների, Թուրքիայի զինված ուժերում 69 զինծառայող է ինքնասպանություն գործել։

8. PKK-ի գրոհի ժամանակ 7 զինծառայող կորցրած թուրքական ժանդարմերիայի հենակետը փակվել է։ Փակման պատճառը PKK-ի դուրսբերման գործընթացն է. նման պայմաններում հենակետի գոյությունն այլևս նպատակահարմար չէ։

9. Հուլիսի 10-ին Թուրքիա էր ժամանել ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար գեներալ Բրիդլավը, ով հանդիպում է ունեցել Թուրքիայի ԳՇՊ-ի հետ, ապա այցելել Ադանայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազա և հանդիպել Մարաշում տեղակայված «Փեթրիոթ» մարտկոցների անձնակազմի հետ։

10. Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահը Գյուլը հաստատել է համաձայնագիրն Ադրբեջանի հետ՝ ամենամյա զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ։ Զորավարժությունները նախատեսվում է ամեն տարի մեկ երկրում անցկացնել, իսկ ծախսերը կհոգա ընդունող կողմը։ Զորավարժություները փակ են լինելու լրատվամիջոցների համար։

11. Ադրբեջանյի ու Թուրքիայի ցամաքային զորքերը հուլիսի 12-ից 28-ը Նախիջևանում և Բաքվում համատեղ զորավարժություն են անցկացնում։ Թուրքական կողմը զորավարժությանը ներկայացել է համազորային դիվիզիայի և մեխանիզացված դիվիզիայի ստորաբաժանումներով։

12. Հուլիսի 12-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալը ընդունել է Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության պատվիրակությանը։ Ավելի վաղ նույն պատվիրակությանն ընդունել էր պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։

13. Հուլիսի 13-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովն ընդունել է երկրի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 35-րդ կետի փոփոխությունը։ Այս կետը հնարավորություն էր տալիս թուրքական բանակին խառնվել երկրի ներքին քաղաքականությանը, ինչպես նաև օրինականացնում էր հեղաշրջումները։ Նոր փոփոխություններով թուրք գեներալները կզրկվեն այդ հնարավորություններից։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *