Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 7-13

1 վիրավոր՝ Ադրբեջանի բանակում։ Ականազերծման գործակալության հորինված տվյալները։ Ադրբեջանը՝ Բուլղարիայում զորավարժության մասնակից։ Զինվորականների ֆուտբոլի առաջնություն՝ Բաքվում։ 6 նոր սահմանապահ ջոկատ՝ Ադրբեջանում։ Ռազմական փորձագետի ծեծի գործը՝ ՄԻԵԴ-ում։ Ադրբեջանը պատվիրել է արդիականացված «կուկուրուզնիկներ»։Նոր հանդերձավորում՝ արագ արձագանքման ջոկատի համար։ Թուրքիայի ռազմարդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ Ադրբեջանում։ Սաֆար Աբիևն ընդունել է Հարավային Կորեայի պատվիրակությանը։

1. Հուլիսի 11-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի բանակում նոր վիրավոր կա։
Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության՝ 19-ամյա զինծառայող Շամսեդդին Արզու օղլու Իսքենդերովը վիրավորվել է իրեն ամրակցված զենքից արձակված կրակից։
Հետևելով ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին՝ նշենք, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ Ադրբեջանում տարվա կտրվածքով կա 51 զոհ, 64 վիրավոր։

2. Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալության (ANAMA) և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) միջև հուշագիր է կնքվել։ Ըստ դրա՝ ծրագրվում է Ադրբեջանի տարածքում ականների պայթյունից տուժածներին սոցիալ-տնտեսական օգնություն ցուցաբերել: ANAMA-ն հրապարակել է նաև Ադրբեջանում ականների պայթյունի զոհերի թիվը, ինչից երևում է՝ ոչ մարտական պայմաններում մայիսից մինչև հուլիսի սկիզբ ականներից զոհվել է 131, վիրավորվել՝ 979 մարդ: Սրանք արհեստական թվեր են, քանի որ անհնար է այդքան մարդ տուժի, և մամուլում նման դեպքերն աննկատ մնան:

3. Հուլիսի 9-ին հայտնի է դարձել, որ Բուլղարիայում անցկացվելու են «Սևծովյան շրջանի ռոտացիոն ուժեր-2013» մարտավարական զորավարժությունները, որոնց, համաձայն Ադրբեջան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) պայմանների, մասնակցելու է Ադրբեջանի 200-հոգանոց պատվիրակությունը:

4. Հուլիսի 10-ին Ադրբեջանի հանրապետության Սահմանապահ պետական ծառայության պետ գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևը հայտարարել է, որ ընթացիկ տարում 6 նոր զորաջոկատ կկցվի սահմանների վերահսկման գործընթացին։

5. Հուլիսի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Աաֆար Աբիևը Բաքվում ընդունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ Համադ Քալքաբ Մալբոումին՝ քննարկելու զինծառայողների շրջանում ֆուտբոլի համաշխարհային գավաթի խաղերի հարցը, որոնք անցկացվում են Բաքվի «Դալգա Արենա» մարզադաշտում։

Հուլիսի 12-ին Սաֆար Աբիևն ընդունել է Օմանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ահմեդ բին Նարիթ ալ-Նաբնանին, որը ժամանել էր Միջազգային ռազմասպորտային խորհրդի պատվիրակության կազմում՝ զինվորականների ֆուտբոլը դիտելու նպատակով։

6. Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) սկսել է ռազմական փորձագետ, «Գյունդելիք Ադրբեջան» և «Իրական Ադրբեջան» թերթերի նախկին աշխատակից Ուզեիր Ջաֆարովի հայցադիմումի քննումը։ Ջաֆարովը հայտնի է Ադրբեջանի մամուլում բանակին և բանակի ղեկավարությանն ուղղված խիստ քննադատություններով։

7. Նախնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանը, Ռուսաստանն ու Կուբան պատվիրել են հայտնի «Կուկուրուզնիկ» ինքնաթիռի արդիականացրած տարբերակը՝ Ան-2-100 ինքնաթիռը։ Ադրբեջանի կողմից պատվերի, հավանական պայմանագրի կնքման ժամկետների ու պատվիրված ինքնաթիռների քանակի մասին որևէ մանրամասներ հայտնի չեն։

Ան-2-100 ինքնաթիռ

Ան-2-100 ինքնաթիռ

8. Ադրբեջանի արագ արձագանքման ջոկատը A-TACS (Advanced Tactical Concealment System) ռազմական հանդերձավորում է ստացել, որը կիրառվում է ՆԱՏՕ անդամ երկրներում:

9. Հուլիսի 11-ին Ադրբեջանի հանրապետության պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Թուրքիայի ռազմարդյունաբերության նախարարության պատվիրակությանը։

Հուլիսի 12-ին նույն պատվիրակությունը հյուրընկալվել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարար Յավեր Ջեմալի մոտ: Քննարկվել են ռազմական համագործակցության խորացման հեռանկարները:

10. Հուլիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է պաշտոնական այցով այդ երկիր ժամանած Հարավային Կորեայի Ազգային ժողովի պատվիրակությանը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *