Թուրքիայի խաղաղապահները ևս 1 տարի կմնան Լիբանանում։ Զորավարժություններ և զորավարժությունների համաձայնագիր Թուրքիայի և Ադրբեջանի միջև։ Թուրքիան մասնակցում է Սև ծովում անցկացվող խոշոր միջազգային զորավարժությանը։ Թուրք գեներալներին զրկին հեղաշրջումն օրինականացնելու հնարավորությունից։ Թուրքական բանակում ինքնասպանություն գործողների մեծ մասը հայեր, քրդեր և ալևիներ են, պնդում է պատգամավորը։ Թուրքիայում ծանոթացել են A400 ինքնաթիռին։ Լուրջ փոփոխություններ PKK-ի ղեկավար կազմում։ Ինքնասպանության դեպք։ ՆԱՏՕ-ի դաշնակցային զինված ուժերի հրամանատարը Թուրքիայում էր։
1. Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող ՅՈւՆԻՖԻԼ (UNIFIL) խաղաղապահ առաքելության կազմում գործող Թուրքիայի զինված ուժերի զորախումբը ևս մեկ տարով կմնա այդ երկրում: Թուրքիայի խորհրդարանի համապատասխան որոշմամբ՝ թուրքական զորախումբը Լիբանանում կմնա մինչ 2014 թվականի սեպտեմբերը։
2. Թուրքիան Ադրբեջանի և Վրաստանի հետ մասնակցում է «Ծովային զեփյուռ-2013» (Sea Breeze-2013) միջազգային զորավարժությանը, որն անց են կացնում Ուկրաինան և Միացյալ Նահանգները «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Ծովային զորավարժությունն անց է կացվում Սև ծովում հուլիսի 8-ից 20-ը։
3. «Թուրքիայի բանակում ինքնասպանություն գործող զինվորներից շատերը հայեր են, քրդեր, ալևիներ կամ էլ հասարակության առաջադեմ հատվածի ներկայացուցիչներ, ինչը չի կարող պատահականություն համարվել»,-Թուրքիայի Ազգային մեծ ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է պատգամավոր, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մյուլքիյե Բիրթանեն, ով հավելել է, որ ինքնասպանություն որակվող դեպքերի մի մասը խիստ կասկածելի է
4. Ադրբեջանի ՊՆ համաձայն՝ Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ Ստամբուլում բաց ծովային զորավարժություն կանցկացվի։ Այն նախատեսվում է անցկացնել հուլիսի 13-ից օգոստոսի 6-ը։
5. Հուլիսի 10-ին երկու օր ժամանակով Թուրքիա էր բերվել Airbus A400 ինքնաթիռը, որը տարբեր երկրներով թռիչքներ է կատարում՝ հնարավորություն ընձեռելով տեղում ծանոթանալու ինքնաթիռի հետ։ Թուրքական լրատվամիջոցները պնդում են, թե Թուրքիան 10 միավոր A400 է ձեռք բերելու։
6. Մայիսի 8-ին հրադադար հայտարարած և ներկայում Թուրքիայի տարածքը լքող PKK-ի ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են եղել։ KCK-ի խորհրդի նախագահ Մուրաթ Քարայըլանը, ով վերջին շրջանում համարվում էր PKK-ի դե ֆակտո հրամանատարը, լքել է այդ պաշտոնը և ստանձնել է քրդական կազմակերպության ռազմական թևի՝ HPG-ի հրամանատարությունը։
7. Հուլիսի 10-ին Թուրքիայում ժամկետային զինծառայող է ինքնասպան եղել։ 26-ամյա Ռ.Յ.-ն 8 ամսից ավել է, ինչ ծառայում էր Այդըն նահանգի զորամասերից մեկում։ Թեև 2013 թվականի ինքնասպանությունների վերաբերյալ տվյալներ չկան, սակայն 2012-ին, ըստ պաշտոնական շրջանակների, Թուրքիայի զինված ուժերում 69 զինծառայող է ինքնասպանություն գործել։
8. PKK-ի գրոհի ժամանակ 7 զինծառայող կորցրած թուրքական ժանդարմերիայի հենակետը փակվել է։ Փակման պատճառը PKK-ի դուրսբերման գործընթացն է. նման պայմաններում հենակետի գոյությունն այլևս նպատակահարմար չէ։
9. Հուլիսի 10-ին Թուրքիա էր ժամանել ՆԱՏՕ-ի դաշնակցային ուժերի հրամանատար գեներալ Բրիդլավը, ով հանդիպում է ունեցել Թուրքիայի ԳՇՊ-ի հետ, ապա այցելել Ադանայի «Ինջիրլիք» ամերիկյան ռազմաբազա և հանդիպել Մարաշում տեղակայված «Փեթրիոթ» մարտկոցների անձնակազմի հետ։
10. Հուլիսի 12-ին Թուրքիայի նախագահը Գյուլը հաստատել է համաձայնագիրն Ադրբեջանի հետ՝ ամենամյա զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ։ Զորավարժությունները նախատեսվում է ամեն տարի մեկ երկրում անցկացնել, իսկ ծախսերը կհոգա ընդունող կողմը։ Զորավարժություները փակ են լինելու լրատվամիջոցների համար։
11. Ադրբեջանյի ու Թուրքիայի ցամաքային զորքերը հուլիսի 12-ից 28-ը Նախիջևանում և Բաքվում համատեղ զորավարժություն են անցկացնում։ Թուրքական կողմը զորավարժությանը ներկայացել է համազորային դիվիզիայի և մեխանիզացված դիվիզիայի ստորաբաժանումներով։
12. Հուլիսի 12-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջեմալը ընդունել է Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության պատվիրակությանը։ Ավելի վաղ նույն պատվիրակությանն ընդունել էր պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը։
13. Հուլիսի 13-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Թուրքիայի ազգային մեծ ժողովն ընդունել է երկրի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 35-րդ կետի փոփոխությունը։ Այս կետը հնարավորություն էր տալիս թուրքական բանակին խառնվել երկրի ներքին քաղաքականությանը, ինչպես նաև օրինականացնում էր հեղաշրջումները։ Նոր փոփոխություններով թուրք գեներալները կզրկվեն այդ հնարավորություններից։
Ռազմաշաբաթը նաև՝