«Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ղեկավար կազմում փոփոխություններ են եղել, տեղեկացնում է քրդական «Ֆըրաթ» («Եփրատ») գործակալությունը։
Kongra Gel-ի («Քրդստանի ժողովուրդների կոնգրես») համանախագահներ են ընտրվել Հաջեր Զագրոսն ու Ռեմզի Քարթալը։
KCK-ի («Քրդստանի համայնքների միություն») խորհրդի նախագահ Մուրաթ Քարայըլանը, ով վերջին շրջանում համարվում էր PKK-ի դե ֆակտո հրամանատարը, լքել է այդ պաշտոնը և զբաղեցրել է քրդական կազմակերպության ռազմական թևի՝ HPG-ի հրամանատարությունը։
KCK-ի ղեկավարի պաշտոնում են ընտրվել Ջեմիլ Բայըքը և Բեսե Հոզաթը։
Kongra Gel-ի իններորդ նստաշրջանին մասնակցել է կազմակերպության 162 անդամ։ Նստաշրջանի հիմնական նպատակակն է եղել Kongra Gel-ի և KCK-ի ղեկավարների, նրանց տեղակալների ու օգնականների ընտրությունը։
Նշենք, որ Kongra Gel-ը նույն PKK-ն է, որը ժամանակի ընթացքում մի քանի անվանափոխության է ենթարկվել։ Կազմակերպությունը վերանվանվել է Kongra Gel 2003 թվականին։ KCK-ն մտնում է Kongra Gel-ի կազմի մեջ։
«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը:
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։:
Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ սկսել է 1984 թվականին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ:
Շուրջ 30 տարի զինված պայքարից հետո 2013 թվականի մարտին Դիարբեքիրում ընթերցվեց կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ուղերձը, որով նա կոչ էր անում PKK-ին վայր դնել զենքը, լքել Թուրքիայի տարածքը և անցնել քաղաքական պայքարի։
Մայիսի 8-ից պաշտոնապես սկսվեց PKK-ի դուրսբերումը Թուրքիայի տարածքից։