Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության անդամ Մյուլքիյե Բիրթանեն խորհրդարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է երկրի զինված ուժերում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների սպանությունների և բանակում ինքնասպանությունների հարցին։
Թուրքիայի խորհրդարանի քուրդ պատգամավորը նշել է, որ զորանոցներում բոլոր մահվան դեպքերը որպես ինքնասպանություն ներկայացնելը շփոթմունքի մեջ գցելու տարբերակ է։
Պատգամավորը նաև նշել է, որ ինքնասպանություն գործող զինվորներից շատերը հայեր են, քրդեր, ալևիներ կամ էլ հասարակության առաջադեմ հատվածի ներկայացուցիչներ, ինչը չի կարող պատահականություն համարվել։
Բիրթանեն բարձրաձայնել է նաև հունիսի 23-ին գրանցված դեպքի մասին։ Թուրքիայի զինված ուժերի ժամկետային զինծառայող Ադեմ Քալքանը, ով ծառայում էր Բինգյոլի (Բյուրակն) զորամասերից մեկում, զինվորական ավտոմեքենայում հայտնաբերվել էր՝ ծնոտի հատվածում հրազենային մահացու վերքով։
Պատգամավորը նշել է, որ այս դեպքը լուրջ հետաքննության կարիք ունի, ինչպես նաև արտահայտել է իր կասկածը, թե այն ինքնասպանություն է։ Նա նշել է, որ համապատասխան հիմքեր չկան Քալքանի մահը որպես ինքնասպանություն ներկայացնելու համար, ինչպես նաև հավելել է, որ ընտանիքը նույնպես չի հավատում պաշտոնական վարկածին։
Ամեն դեպքում, պատգամավորը չի ներկայացրել հստակ թվեր ինքնասպանությունների դեպքերի և ինքնասպանություն գործողների էթնիկ պատկանելության տվյալների վերաբերյալ։