Թուրքիայի ԶՈւ-ին վերջնականապես զրկին հեղաշրջումներն օրինականացնելու հնարավորությունից

Թուրքիայի Ազգային մեծ ժողովը ընդունել է Թուրքիայի զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 35-րդ կետը փոփոխության ենթարկելու առաջարկը։

Այս կետի փոփոխությամբ Թուրքիայի զինված ուժերը զրկվում են օրինական (այսինքն՝ կանոններն ու օրենքները չխախտելով) ճանապարհով հեղաշրջում կատարելու հնարավորությունից։

Թուրքիայի զինծառայողները

Թուրքիայի զինծառայողները

Զինվորական կանոնագրքի 35-րդ կետը փոփոխելու առաջարկը խորհրդարանին էր ներկայացրել «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հունիսի 27-ին։ Թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ազգային ժողովն այսօր՝ հուլիսի 13-ին, ընդունել է փոփոխությունների առաջարկը։

Ըստ զինվորական կանոնագրքի 35-րդ կետի՝ «Թուրքիայի զինված ուժերի պարտականությունն է թուրքական հողերի և սահմանադրության պաշտպանությունն ու իրականացումը»։

Նոր փոփոխությամբ՝ «Թուրքիայի զինված ուժերի պարտավորությունն է թուրքական հայրենիքը պաշտպանել արտաքին վտանգներից և սպառնալիքներից, զինվորական ուժերի հզորացումը, Թուրքիայի ազգային մեծ ժողովի որոշումներով արտասահմանում ծառայություն կրելն ու միջազգային խաղաղության ամրապնդման հարցում աջակցությունը ցուցաբերելը»։

Այսպիսով, այս կետի փոփոխությամբ Թուրքիայի զինված ուժերը զրկվում է «սահմանադրությունը և հայրենիքը պաշտպանելու» պատրվակով ներքին քաղաքականությանը միջամտելու և պետական հեղաշրջումներն օրինականացնելու հնարավորությունից։

Հավելենք նաև, որ սպասվում էր՝ փոփոխության առաջարկը կընդունվի խորհրդարանի աշնանային նստաշրջանի ժամանակ, սակայն արձակուրդները որոշ ժամանակով հետաձգվել էին, և մեջլիսը սպասվածից ավելի վաղ է քննարկել այդ հարցը։

Նշենք, որ իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ղեկավարը՝ Թուրքիայի ներկայիս վարչապետ Թայիփ Էրդողան) իշխանության գալուց ի վեր (2002 թվական) վարում է ներքին քաղաքականության վրա թուրքական բանակի դերի թուլացման քաղաքականություն։

Թուրքիայի զինված ուժերը կատարել է թվով երեք պետական հեղաշրջում (1960, 1971, 1980 թթ) և հեղաշրջման բազում փորձեր։ Թուրքական բարձրաստիճան զինվորականությունը երկար տասնամյակներ լուրջ դերակատարություն է ունեցել երկրի ներքին և արտաքին քաղաքականության վրա։

One response to “Թուրքիայի ԶՈւ-ին վերջնականապես զրկին հեղաշրջումներն օրինականացնելու հնարավորությունից

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 7-13 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *