Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 նոյեմբերի, 2015

Հայաստանը «Միլան» հակատանկային համալիրները ներմուծել է Հունաստանից • Հայաստանն արդիականացնում է Ս-125 ԶՀՀ-ները • Կառավարությունը զենքի արտադրման արտոնագիր է տվել «Ֆերոն» ընկերությանը • ԱԱԾ-ն ձերբակալել է զինված հանցախումբ • Հայաստան է այցելել Սերբիայի պաշտպանության նախարարը • Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա • 2016-ին Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը • Հայաստանը և Լիբանանը ստորագրել են ռազմական համագործակցության ծրագիրը • Լիբանան է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների 3-րդ խումբը • Սեյրան Օհանյանն անդրադարձել է Թուրքիայի կողմից ՌԴ ԶՈւ ինքնաթիռի խոցմանը • ՊԲ-ում քննարկվել են ձմեռային զորակոչի անցկացման աշխատանքները • Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ ավիախմբի օդաչուները վերապատրաստվում են Ռուսաստանում • ՀՀ և ՌԴ ռազմական բժիշկները վարժանքներ են անցկացրել • Լույս է տեսել «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

Գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան։

Գերմանա-ֆրանսիական «MILAN» հակատանկային հրթիռային կայան։

• Ռուսաստանյան ЦАМТО վերլուծական կենտրոնի նոր զեկույցից հայտնի է դարձել, որ Հայաստանը 2012 թ. «Միլան» (Milan) հակատանկային հրթիռային համակարգերը գնել է Հունաստանից: Ըստ զեկույցի՝ ֆրանս-գերմանական արտադրության համակարգերը մատակարարվել են 2013 թվականին:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Հայաստանը 2015-16 թթ. Ռուսաստանի օգնությամբ արդիականացնելու է զենիթահրթիռային իր Ս-125 համալիրները մինչև Ս-125 «Պեչորա-2Մ» մակարդակի։ Արդիականացման համար, ըստ կենտրոնի գնահատականի, Հայաստանը վճարելու է 60 մլն ամերիկյան դոլար։

• ՀՀ կառավարությունը հավանություն է տվել հայաստանյան «Ֆերոն» ընկերությանը երեք տարով զենքի արտադրության արտոնագիր տրամադրելու որոշմանը: Ընկերությունը մարտական զենքի պահեստամասերի մշակման, նորոգման և արտադրության աշխատանքներ է կատարել նախարարության պատվերով:

• Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ և ոստիկանության ուժերը վնասազերծել և ձերբակալել են կազմակերպված հանցավոր խումբ, որի նպատակն է եղել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ: Ավելի ուշ ԱԱԾ-ն տրամադրել է հանցախմբին ձերբակալելու գործողության տեսագրությունը և առգրավված զենքի ցուցակը, ըստ որի՝ խմբի մոտ հայտնաբերվել է 10 ավտոմատ, 2 նռնականետ, 50 նռնակ, 5000-ից ավելի փամփուշտ և այլ զինամթերք: Նույն օրն ավելի ուշ ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հետ, որի ժամանակ անվտանգության ապահովման հանձնարարականներ է տվել նրանց:

• Նոյեմբերի 24-ին Հայաստան է ժամանել Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչը: Նոյեմբերի 25-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առանձնազրույց է ունեցել Սերբիայի պաշտպանության նախարարի հետ, ինչից հետո պատվիրակությունները հանդիպել են ընդլայնված կազմով: Նոյեմբերի 25-ին Սերբիայի պաշտպանության նախարարին ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին հայ-սերբական համատեղ Հայտարարության ստորագրման արարողությունը. լուսանկարը ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Սերբիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման մտադրության մասին հայ-սերբական համատեղ Հայտարարության ստորագրման արարողությունը. լուսանկարը ՀՀ ՊՆ մամուլի ծառայության

• Նոյեմբերի 23-ին Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիա, որտեղ մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: Նախարարների նիստի շրջանակներում Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև Վրաստանի ԶՈւ ԳՇ պետին, որի հետ պայմանավորվել է, որ հաջորդ տարի Հայաստան կայցելի Վրաստանի պաշտպանության նախարարը:

• Նոյեմբերի 25-ին, անդրադառնալով Թուրքիայի ԶՈւ կործանիչների կողմից Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչի խոցմանը, նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ դա հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին:

• Նոյեմբերի 25-ից 28-ը Լիբանան է այցելել ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորած պատվիրակությունը: Լիբանանյան կողմի հետ կայացած քննարկումների արդյունքում համաձայնեցվել և ստորագրվել է երկու երկրների զինված ուժերի միջև ռազմական համագործակցության 2016 թվականի ծրագիրը: Մինչ այդ՝ նոյեմբերի 20-ին, Լիբանան է մեկնել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի երրորդ, հերթական զորախումբը:

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Լիբանանում

ՀՀ ՊՆ պատվիրակությունը Լիբանանում

• Նոյեմբերի 28-ին Ստեփանակերտում անցկացվել է ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են ՊԲ ամառային զորակոչի արդյունքները և ձմեռային զորակոչի նախապատրաստման աշխատանքները։

• Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանի ռուսաստանյան ավիաբազայի օդաչուները գիշերային ուսումնական թռիչքներ են իրականացնում Ռուսաստանում։ Մի-8 և Մի-24 ուղղաթիռների օդաչուները թռիչքներ են իրականացնում գիշերային պայմաններում՝ 22։00-04։00։

• Հայաստանի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ռազմական բժիշկները նոյեմբերի 26-ին Գյումրիում երկօրյա մարտավարա-մասնագիտական վարժանքներ են սկսել ու իրականացրել են հատուկ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդութան պայմանական աղբյուրը տեղայնացնելու և ոչնչացնելու աշխատանքներ:

• Նոյեմբերի 27-ին Երևանում ներկայացվել է Էդգար Էլբակյանի հեղինակած «Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը: Գրքի երեք մասերում ներկայացված են Արցախյան պատերազմի դրվագները, 2014-15 թթ. հայ-ադրբեջանական սահմանային կռիվներն ու դրանց հետևանքով զոհված տղաների սխրանքները:

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

«Հայ-ադրբեջանական պատերազմը և մերօրյա հերոսները» գիրքը

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *