Ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) նոր հրապարակած զեկույցը հայտնում է նաև, որ Հայաստանը 2015-16 թթ. Ռուսաստանի օգնությամբ արդիականացնելու է զենիթահրթիռային իր Ս-125 համալիրները մինչև Ս-125 «Պեչորա-2Մ» մակարդակի։
Այս մասին համապատասխան պայմանավորվածություն ձեռք է բերվել 2013 թվականին։ Արդիականացման համար, ըստ վերլուծական կենտրոնի գնահատականի, Հայաստանը վճարելու է 60 մլն ամերիկյան դոլար։
Այն, որ Հայաստանն ունի Ս-125 «Պեչորա-2Մ» ԶՀՀ, առաջին անգամ հայտնի դարձավ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի մասին «Երկիր» հեռուստաընկերության ռեպորտաժից, որտեղ կադրում երևացել էր այդ համակարգի արձակման կայաններից մեկը։ Այս հանգամանքը հնարավորություն է տալիս ենթադրել, որ Ռուսաստանի աջակցությամբ Ս-125-երի արդիականացումն ամբողջությամբ կամ մասամբ կատարվում է Հայաստանում։
Նշենք, որ Ս-125-ի համեմատ Ս-125 «Պեչորա-2Մ»-ն ունի էապես ավելի բարձր մարտավարա-տեխնիկական հատկանիշներ։ Բարելավվել են բոլոր կարևորագույն հատկանիշները. հեռահարությունը, առավելագույն բարձրությունը, թիրախի խոցման հավանականությունը, խանգարումներից պաշտպանվածության աստիճանը ևն։
Ուշագրավ է նաև, որ վերջերս military-informant.com կայքը տեղեկացրել էր, որ Հայաստանը ձեռք է բերել նաև Ս-125-ի մեկ այլ՝ բելառուսական Ս-125 «Պեչորա-2ԲՄ» արդիականացումը, սակայն այդ կայքը միշտ չէ, որ հուսալի տեղեկություններ է տրամադրում, այդ պատճառով կսպասենք ավելի վստահելի աղբյուրների։
Հավելենք նաև, որ նույն զեկույցի հեղինակները պնդում են, որ Հայաստանն իր «Միլան» հակատանկային համալիրները 2012–13 թթ. գնել է Հունաստանից: