ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հետ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 25-ին, աշխատանքային քննարկում է անցկացրել ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարների հետ՝ իրավապահ կառույցների իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի կայքը:

Նախագահ Սարգսյանի խորհրդակցությունը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ

Նախագահ Սարգսյանի խորհրդակցությունը ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի զեկուցումների կապակցությամբ երկրի ղեկավարը նշել է, որ ներկայիս աշխարհաքաղաքական զարգացումները ստիպում են ուժեղացնել մեր քաղաքացիների և մեր երկրում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:

«Այս միջոցառումներն առաջին հերթին պետք է կրեն, անշուշտ, կանխարգելիչ բնույթ և որևէ կերպով չպիտի խաթարեն մեր երկրի բնականոն գործունեությունը ու, բնականաբար, որևէ սահմանափակում չպետք է լինի մեր քաղաքացիների համար: Այս առումով, անշուշտ, էական նշանակություն ունի բոլոր այն մարդկանց պրոֆեսիոնալիզմը, ովքեր ներգրավված են այս միջոցառումների իրականացման գործում: Ես կասկած չունեմ, մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մենք ունենք համապատասխան մասնագետներ, համապատասխան մարդիկ, ովքեր իրենց նվիրել են այդ գործին՝ մեր երկրում անվտանգություն ապահովելու գործին, և նրանք պատվով կկատարեն իրենց աշխատանքը», — նշել է նախագահ Սարգսյանը և որպես ասվածի ապացույց՝ մատնանշել այս գիշեր տեղի ունեցած միջոցառումը [հանցավոր խմբի ձերբակալությունը]:

Նախագահ Սարգսյանը նշել է նաև, որ այդ մարդկանց քրտնաջան աշխատանքով՝ Հայաստանը դասվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքը, և Հայաստանը պետք է մնա աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում: Մեր երկրում չպետք է տեղի ունենա իրադարձություն, որը ինչ-որ կերպ կարող է խաթարել երկրի հեղինակությունը, իհարկե նաև՝ այս բնագավառում:

Նախագահը ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ղեկավարներին խնդրել է իր շնորհակալությունը փոխանցել այն անձնակազմին, որը մասնակցել է այդ միջոցառմանը:

Հանրապետության Նախագահն իրավասու իրավապահ մարմիններին տվել է նաև մի շարք հանձնարարականներ՝ ընդգծելով, որ հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումները պետք է շարունակական և հետևողական բնույթ կրեն:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության ուժերը ձերբակալել են հանցավոր խմբի 10 անդամների, որոնց վարձակալած տանը խուզարկության արդյունքում հայտնաբերել են մեծ քանակի զենք և զինամթերք:

One response to “ՀՀ նախագահը խորհրդակցություն է անցկացրել ԱԱԾ և ոստիկանության ղեկավարների հետ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 22–28 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *