Այսօր՝ նոյեմբերի 25-ին, անդրադառնալով Թուրքիայի ԶՈւ կործանիչների կողմից Ռուսաստանի ԶՈւ Սու-24Մ ռմբակոծիչի խոցմանը՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ դա հարված է միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ջանքերին: Այս մասին տեղեկացնում է հայաստանյան «Արմենպրես» գործակալությունը:
«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ջանքեր է գործադրում համախմբված պայքարելու միջազգային ահաբեկչության դեմ, կարծում եմ, որ տեղի ունեցածը հենց այդ ջանքերին հարված է», — գործակալությունը մեջբերում է նախարարի խոսքերը, որոնք Սեյրան Օհանյանն ասել է Սերբիայի պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի հետ համատեղ ճեպազրույցում:
Հայաստանյան Times.am լրատվակայքի համաձայն՝ նախարար Օհանյանը նշել է նաև, որ ռուս-թուրքական հարաբերությունների համատեքստում հայկական կողմի դիրքորոշումը պետք է բխի նրանից, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է:
Նախարարն անդրադարձել է նաև այն հարցին, որ, հաշվի առնելով հայ-թուրքական սահմանում ՌԴ սահմանապահների ծառայությունը, արդյո՞ք հնարավոր է, որ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության համակարգը բերվի մարտական պատրաստության աստիճանի: Սեյրան Օհանյանը նշել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը ունեն ընդհանուր օպերատիվ պլանավորում, որի հիման վրա էլ իրականացնում են ընդհանուր գործունեությունը:
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 24-ի առավոտյան, Թուրքիայի օդուժի F-16 կործանիչները խոցել են Ռուսաստանի զինված ուժերի Սու-24 ռմբակոծիչը, որն ընկել է Սիրիայի՝ Թուրքիային սահմանակից գյուղում՝ Պուտինի խոոսքով՝ սահմանից 4 կմ հեռավորության վրա:
Միջադեպի մասին խոսելիս ՌԴ նախագահը հայտարարել է, որ ռուսաստանյան ինքնաթիռի խոցումը դուրս է հակաահաբեկչական պայքարի սահմաններից: Պուտինի խոսքերով՝ այսօրվա կորուստը մեջքին խփված հարվածի հետևանք է, որը հասցրել են ահաբեկիչների հանցակիցները: