Սեյրան Օհանյանը Բեռլինում մասնակցել է Աֆղանստանում խաղաղապահության խնդիրների քննարկմանը

Նոյեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մեկնել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլին՝ մասնակցելու Աֆղանստանում ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարների նիստին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարները. լուսանկարը ՀՀ ՊՆ կայքի

Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելության Հյուսիսային հրամանատարության կազմում ներգրավված երկրների պաշտպանության նախարարները. լուսանկարը ՀՀ ՊՆ կայքի

Նիստի ընթացքում կարծիքներ են փոխանակվել Գերմանիայի ղեկավարած Հյուսիսային հրամանատարության պատասխանատվության գոտում տիրող անվտանգային իրավիճակի, խնդրահարույց հարցերի և առաջիկա անելիքների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գերմանիան նախատեսում է մեծացնել իր խաղաղապահների քանակն Աֆղանստանում՝ նրանց թիվը 850-ից հասցնելով 980-ի:

Նախարարների նիստին ժամանակ իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ չնայած սեփական սահմանների երկայնքով ունեցած անվտանգության մարտահրավերներին, Հայաստանը հաստատակամ է նույն ծավալներով շարունակելու իր մասնակցությունը «Վճռական աջակցությանը»՝ մինչև առաքելության ավարտը:

Բեռլինում ՀՀ պաշտպանության նախարարը երկկողմ հանդիպումներ է ունեցել նաև Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Վոլֆգանգ Հելլմիխի և Գերմանիայի կառավարության կազմում Ռուսաստանի Դաշնության, Կենտրոնական Ասիայի և Արևելյան գործընկերության երկրների հետ միջհասարակական համագործակցության հարցերի համակարգող Գերնոտ Էրլերի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Եվրոպայում, Հարավային Կովկասում և այլուր տարածաշրջանային անվանգության և դրա առջև ծառացած սպառնալիքներին ու մարտահրավերներին, ինչպես նաև պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

Սեյրան Օհանյանը զրուցակիցներին է ներկայացրել Արցախյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը, վերջին շրջանի զարգացումները և կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները:

Բարձր գնահատելով պաշտպանության բնագավառում հայ-գերմանական համագործակցությունը, Սեյրան Օհանյանը նշել է, որ դրա արդյունքում երկու երկրների միջև ստեղծված փոխադարձ վստահության մթնոլորտը խթանում է նաև այլ ոլորտներում երկկողմ կապերի ու համագործակցության զարգացումը:

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Նշենք, որ Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

Ինչպես և ISAF («Անվտանգության աջակցության միջազգային ուժերի») ծրագրի ժամանակ, Resolute support («Վճռական աջակցություն») ծրագրի շրջանակներում նույնպես Աֆղանստանի ողջ տարածքը բաժանված է 4 հատվածների, որոնցից գերմանական զորախումբը, որի կազմում են ՀՀ ԶՈւ զինծառայողները, հսկում է հյուսիսայինը։

2015-ի հոկտեմբերի վերջին էլ Գերմանիա էր մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական խումբը, որն Աֆղանստանում խաղաղապահ ծառայության ուղարկվելուց առաջ երկշաբաթյա մարզումներ էր անցնելու Գերմանիայում:

4 responses to “Սեյրան Օհանյանը Բեռլինում մասնակցել է Աֆղանստանում խաղաղապահության խնդիրների քննարկմանը

  1. Pingback: ՆԱՏՕ-ն նոր առաքելություն է սկսելու Աֆղանստանում | Ռազմ.info

  2. Pingback: Գերմանիայի պաշտպանության նախարարն Աֆղանստանում այցելել է հայկական զորախմբին | Ռազմ.info

  3. Pingback: Յուրի Խաչատուրովը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության քննարկմանը | Ռազմ.info

  4. Pingback: ՀՀ ՊՆ խաղաղապահները մեկնել են Գերմանիա՝ Աֆղանստանում ծառայությունից առաջ վերապատրաստվելու | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *