Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 նոյեմբերի, 2015

Հակառակորդի կրակոցներից ՊԲ 2 զինծառայող է զոհվել • Ստորագրման է սպասում հայ-ռուսական միացյալ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման պայմանագիրը • Ինժեներական զորքերի սպաների համար անցկացվել է հավաք-պարապմունք • Ամփոփվել են «Շանթ-2015» ռազմավարական զորավարժության արդյունքները • Փոխվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը • Քննարկվել է ձմեռային զորակոչի անցկացումը • Արցախում ՊԲ սպաների համար կառուցվում է ևս 2 բազմաբնակարան շենք • Ադրբեջան է անցել ՀՀ քաղաքացի. ԿԽՄԿ միջնորդությամբ նրան վերադարձրել են • Բացահայտվել է ՀՀ ՊՆ-ից մոտ 0,5 մլն դոլարի հափշտակման գործը • Սեյրան Օհանյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղու» տնօրենին • Հայաստանում ՌԴ ռազմաբազայի սպաները հավաք-պարապմունքներ են անցկացնում

Ինժեներական զորքերի սպաներին ներկայացվում է կրովի ականազերծման կայանքը

Ինժեներական զորքերի սպաներին ներկայացվում է կրովի ականազերծման կայանքը

• Նոյեմբերի 12-ին ՊԲ հարավային զորամասերից մեկի մարտական հենակետերից մեկում հակառակորդի գնդակից մահացել են զինծառայողներ Վահե Վանոյանը և Միքայել Թորոսյանը: Արցախի սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար զինծառայողները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով։

• Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին, որով Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ ստեղծել տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ: Այս համաձայնագրի ստորագրումը, ըստ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի, թույլ կտա ՀՀ օդային տարածքի և պետության տարածքում գտնվող օբյեկտների պաշտպանության ընթացքում կիրառել ոչ միայն Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի ՀՕՊ ուժերը և ավիացիան, այլ նաև ՌԴ Հարավային ռազմական շրջանի ուժերը: Դա ՀՀ և ՌԴ անվտանգության ապահովման հավելյալ երաշխիքներ կտրամադրի:

• Նախորդ շաբաթ «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների, շտաբների և բաժինների պետերի համար անցկացվել է հավաք-դասընթաց, որի նպատակն էր բարձրացնել հրամանատարների գիտելիքները, մարտական վարպետության մակարդակը՝ հաշվի առնելով Արցախյան պատերազմի փորձը և վերջին երկու տարիներին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների բնույթը:

Կրովի ականազերծման կայանքի արկի արձակումը

Կրովի ականազերծման կայանքի արկի արձակումը

• Նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ անցկացված ՀՀ ԱԱԽ նիստի ժամանակ ամփոփվել են սեպտեմբերին համապետական մասշտաբով անցկացված «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների արդյունքները: Նախագահ Սարգսյանը նշել է, որ զորավարժությունն անցել է կազմակերպված ու հասել է իր նպատակներին:

• ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նոյեմբերի 13-ի հրամանագրերով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր զինված ուժերի ինժեներական զորքերի պետի պաշտոնը, նշանակվել է ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, իսկ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ 5-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը, նշանակվել է ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ–վարչության պետ:

ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան

ՀՀ ՊՆ 5-րդ ԲԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյան

• Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստի ընթացքում ամփոփվել են ամառային զորակոչի արդյունքները և քննարկվել են 2015թ. ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

• Նոյեմբերին 12-ին հայտնի է դարձել, որ Արցախի Ճարտար քաղաքում կառուցվում է երկու բազմաբնակարան շենք, որոնց 24 բնակարանները տրամադրվելու են Պաշտպանության բանակի սպաներին։

• Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում ադրբեջանցի զինծառայողները ձերբակալել էին հայկական կողմից Ադրբեջան անցած, ՀՀ Տավուշի Կոթի գյուղի բնակչուհի Լուսինե Աբովյանին, ում ԿԽՄԿ միջնորդությամբ Հայաստան են վերադարձրել նոյեմբերի 12-ին:

77-ամյա Լուսիկ Աբովյանը՝ Ադրբեջանի գերությունից վերադառնալուց հետո: Հատված News.am-ի տեսանյութից

77-ամյա Լուսիկ Աբովյանը՝ Ադրբեջանի գերությունից վերադառնալուց հետո: Հատված News.am-ի տեսանյութից

• ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում ավարտվել է ՀՀ ԶՈւ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռուստակոնֆերանս համակարգի ստեղծման գործընթացում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նախնական տվյալներով ՀՀ ՊՆ-ից հափշտակվել է շուրջ 455 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։

• Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյին, ով հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել զարգացնել համագործակցությունը և Պաշտպանության նախարարությանը աջակցել բաց շարժակազմի վրա ռազմական տեխնիկայի բեռնման զինավարժությունների անցկացման համար նախատեսված ուսումնական տեղամասի ստեղծման գործում:

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայում ձմեռային ուսումնական փուլին ընդառաջ վարժանքներ են իրականացնում գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Վարժանքներում ընդգրկված է ավելի քան 400 սպա։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Վրաստանում

Թուրքիայում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *