Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնություն է տվել ՌԴ կառավարության առաջարկին, որով Ռուսաստանը նախատեսում է Հայաստանի հետ ստեղծել տարածաշրջանային միացյալ ՀՕՊ համակարգ: Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի հրապարակված կարգադրությունից:
Փաստաթղթում ասվում է, որ ՌԴ նախագահը հավանություն է տվել կառավարության առաջարկին և պաշտպանության նախարարությանը հրահանգել է արտգործնախարարության մասնակցությամբ բանակցություններ վարել հայաստանյան կողմի հետ՝ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման վերաբերյալ: Բանակցությունների արդյունքների հիման վրա ՌԴ պաշտպանության նախարարությունը պիտի պայմանագիր ստորագրի Ռուսաստանի անունից:
Ավելի վաղ ՌԴ կառավարությունը նախագահին առաջարկել էր Հայաստանի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրել: Իսկ դրանից առաջ՝ սեպտեմբերին ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն հայտնել էր, որ Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր է ստեղծում ՀԱՊԿ իր գործընկերների հետ, այդ թվում՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Հայաստանի հետ:
Ընդ որում՝ Հայաստանի հետ կովկասյան տարածաշրջանը ծածկող ՀՕՊ համակարգի ստեղծման համար, ըստ գեներալի, երկու երկրներն արդեն համաձայնեցրել են համապատասխան պայմանագիրը, որի ստորագրումը նախատեսվում է այս տարի:
Տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման նպատակը պահպանության տեղամասում համատեղ հակաօդային պաշտպանություն ապահովելն է: Ներկայում, բացի Հայաստանից, Ռուսաստանը տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի վերաբերյալ բանակցություններ է վարում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի հետ: Ղազախստանի հետ նման համակարգի ստեղծման պայմանավորվածություն արդեն կա, ներկայում դրա նախապատրաստվում է դրա օրենսդրական բազան: Իսկ Բելառուսի հետ տարածաշրջանային ՀՕՊ համակարգն արդեն կազմավորված է, 2016 թվականից նախատեսվում է այն նշանակել մարտական հերթապահության:
Մասնավորապես նաև տարածաշրջանային ՀՕՊ համակարգերի ստեղծման շրջանակներում է, որ Ռուսաստանը Բելառուսին և Ղազախստանին անվճար փոխանցել է Ս-300 զենիթահրթիռային համակարգեր:
Կովկասում, Բելառուսում և Կենտրոնական Ասիայում տարածաշրջանային ՀՕՊ համակարգեր ստեղծելուց հետո նախատեսվում է դրանց միջև կատարել ինֆորմացիա փոխանակում և մարտական հերթապահություն կազմակերպել ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգում, որը գործում է դեռևս 1995 թվականից, և հենց այս համակարգի կազմում է Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի ավիացիոն խումբը (Երևանի «Էրեբունի» օդանավակայան):
Pingback: Փոխնախարար. միացյալ ՀՕՊ համակարգն ընդգրկում է նաև ՌԴ հարավային ռազմական օկրուգի ուժերը | Ռազմ.info