Ադրբեջանում զինծառայողն «ինքնասպան է եղել»՝ իր մեջքին երեք անգամ կրակելով • Ալիևն այցելել է Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի զորամաս • Ադրբեջանի ՌՕՈւ ուղղաթիռները վարժանք են անցկացրել • Աֆղանստանից Ադրբեջան է վերադարձել զինծառայողների հերթական խումբը • Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետն այցելել է Ղազախստան • Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարն ընդունել է Բելառուսի դեսպանին
• Նոյեմբերի 7-ին Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է զինծառայողի կորուստ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Թովուզի շրջանում տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Սըրաջլը Մեհեմմեդ Մորիս օղլուն մահացել է հրազենային վիրավորումից: Նույն օրը հարազատներին զանգահարել են զորամասից և հայտնել, որ Մեհեմմեդն ինքնասպան է եղել, սակայն, երբ մերձավորները գնացել են դիահերձարան և զննել նրա դին՝ տեսել են, որ նրա մեջքին կա հրազենային 3 վիրավորման հետք, ինչը տրամաբանորեն բացառում է ինքնասպանության վարկածը:
• Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է երկրի ԶՈւ ՀՕՊ ուժերի նոր վերանորոգված զորամասերից մեկը, որտեղ ծանոթացել է Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգերին և դրանց հերթապահության կազմակերպմանը։
• Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հարվածային ուղղաթիռներն իրականացրել են մարտական կրակով վարժանք, որի ժամանակ ռազմական օդաչուները խոցել են ցամաքային շարժական և անշարժ թիրախներ՝ կիրառելով նաև կառավարվող հրթիռներ։
• Ադրբեջանի զինծառայողների 21 հոգանոց հերթական խումբը, որը ՆԱՏՕ-ի՝ 2015-ի հունվարին մեկնարկած «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում խաղաղապահ ծառայություն էր իրականացնում Աֆղանստանում, ռոտացիայի շրջանակներում վերադարձել է Ադրբեջան։
• Նոյեմբերի 11-ից 12-ը Ղազախստանում Ադրբեջանի սահմանապահ ծառայության պետ, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի գլխավորած պատվիրակությունը որպես դիտորդ մասնակցել է ԱՊՀ երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 74-րդ նիստին։ Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի և Ղազախստանի պատվիրակությունների հանդիպման ժամանակ քննարկվել են Կասպից ծովի հետ կապված խնդիրները, սահմանային անվտանգության, երկկողմանի համագործակցության կարգավիճակի և հեռանկարների հարցերը։
• Նոյեմբերի 13-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ընդունել է այդ երկրում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գենադի Ախրամովիչին։ Յավեր Ջամալովը պաշտպանական արդյունաբերության նախարարության գործունեության վերաբերյալ տեղեկություններ է հայտնել Բելառուսի նորանշանակ դեսպանին։
Ռազմաշաբաթը նաև՝