Նախորդ շաբաթ «Բաղրամյան» զորավարժարանում ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի ենթակա զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների, շտաբների և բաժինների պետերի համար անցկացվել է հավաք-դասընթաց՝ ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, ինժեներական վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ «Զինուժ» հեռուստածրագրի նոյեմբերի 8-ի թողարկումը:
Հավաքի ընթացքում անցկացվել են տեսական և գործնական պարապմունքներ՝ տարբեր մարտական գործողությունների ժամանակ ինժեներական ապահովման նախապատրաստման, իրականացման և ստորաբաժանումների ղեկավարման վերաբերյալ:
Հավաք-պարապմունքների մասին խոսելով՝ ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշում է, որ դասընթացների նպատակն էր բարձրացնել հրամանատարների գիտելիքները, մարտական վարպետության մակարդակը՝ հաշվի առնելով Արցախյան պատերազմի փորձը և վերջին երկու տարիներին հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի գործողությունների բնույթը:
Հավաքների ժամանակ ուշադրություն է դարձվել նաև հրամանատրում առաջադրանքով, խելամիտ պաշտպանություն սկզբունքների յուրացման և փոքրաթիվ ուժերով մեծ խնդիրներ կատարելու հմտությունների կատարելագործման վրա:
Դաշտային պարապմունքների ժամանակ հավաքի մասնակիցներին ներկայացվել է ՀՀ ԶՈւ ինժեներական տեխնիկան և մասնավորապես կրովի ականազերծման կայանքի կառուցվածքը, կիրառման եղանակն ու առանձնահատկությունները: Կայանքի աշխատանքը գործանակում ցուցադրվել է ստուգողական և մարտական կրակի միջոցով:
Միաժամանակ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է նաև գործնական պարապմունք ինժեներասակրավորային զորամասի կուրսանտների համար: Դեկտեմբերին կուրսանտները քննություններ են հանձնելու և տեղափոխվեն այլ զորամասեր՝ ինժեներասակրավորային ջոկի հրամանատարի, ավագ սակրավորի և սակրավորի որակավորումներով: