Նոյեմբերի 12-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի գնդակից մահացել են զինծառայողներ Վահե Վարդգեսի Վանոյանը (ծնվ. 1995թ.) և Միքայել Առաքելի Թորոսյանը (ծնվ. 1996թ.): Ինչպես հաղորդում է ՊԲ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Պաշտպանության բանակը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակացությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքներին, հարազատներին և ծառայակիցներին:
Հավելենք, որ ըստ ՊԲ տվյալների՝ հակառակորդը շարունակում է տարբեր զինատեսակների կիրառմամբ խախտել հրադադարի ռեժիմը:
Լրացում. ՀՀ պաշտպանության նախարարությունը խստագույնս դատապարտում է ադրբեջանական կողմի հերթական ահաբեկչական բնույթ ունեցող գործողությունը, նշելով, որ «գիտակցելով, որ տվյալ գործողությունն անհետևանք չի մնալու և մեղավորները պատժվելու են՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ գնում է իրավիճակի սրման»։
ՀՀ ՊՆ-ն հայտնում է նաև, որ հակառակորդի գործողությունները ևս մեկ անգամ փաստում են այդ պետության իշխանությունների կողմից Արցախի խնդրի կարգավորան հարցում ապակառուցողական մոտեցման, միջնորդական առաքելության հորդորների անտեսման և միջազգային իրավունքի նորմերի ոտնահարման մասին:
Լրացում. Հակառակորդի կողմից հայկական զինված ուժերի զինծառայողների սպանության հետ կապված՝ ՀՀ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով, սպանելու նպատակով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի կայքը:
Կոմիտեի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2015թ. նոյեմբերի 12-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, զորամասերից մեկի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից մահացել են մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Վահե Վարդգեսի Վանոյանը և Միքայել Առաքելի Թորոսյանը:
Pingback: Հետմահու պարգևատրվել են ՊԲ զոհված զինծառայողները | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 8–14 նոյեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի կորուստները 2015-ի նոյեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info