Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո

2015-ի սեպտեմբերի 1-30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 14 և վիրավորման 21 դեպքի մասին։ Նույն ամսում հակառակորդի գործողությունների հետևանքով 3 սպանված և 10 վիրավոր է եղել նաև քաղաքացիական բնակչության շրջանում։ Համեմատության համար՝ նախորդ տարվա սեպտեմբերին հայկական զինված ուժերում 3 կորստի մասին էր հայտնի։

Razm.info-ն զանազանում է մարտական և ոչ մարտական կորուստները։ Առաջինը հրադադարի ռեժիմի խախտման կամ առաջնագծում ականների պայթյունների զոհերն են։ Ոչ մարտական կորուստներն, իրենց հերթին, պայմանականորեն բաժանված են մի քանի ենթախմբի՝ սպանություններ, ինքնասպանություններ, առողջական խնդիրներ, դժբախտ պատահարներ (ՃՏՊ-ներ, զենքի, զինամթերքի հետ անզգույշ վարմունք, և այլն)։

ԶՈւ կորուստներ

Սեպտեմբեր ամսվա 14 կորուստներից 7-ը մարտական են, 7-ը՝ ոչ մարտական։ Տարվա նախորդ ամիսների համեմատ սեպտեմբերին կորուստների թվի աճը պայմանավորված է 2 հանգամանքով՝ ամսվա սկզբին և վերջին առաջնագծում իրավիճակի կտրուկ սրմամբ և խոշոր ավտովթարով։ Մարտական կորուստների առումով համեմատելի ծանր ամիս էր նաև այս տարվա հունվարը՝ դարձյալ պայմանավորված առաջնագծում լարվածությամբ։

Մարտական կորուստներ

Սեպտեմբերի 2-ին առաջնագծի քարվաճառյան հատվածում հակառակորդի գնդակից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը, ով ծառայում էր զինված ուժերում 2010 թվականից։

Սեպտեմբերի 4-ին մարտական խնդիր կատարելիս զոհվել են ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը։

Սեպտեմբերի 25-ին Արցախի հյուսիս-արևելքում ադրբեջանական կողմը Դ-30 հաուբիցներից հրետակոծել է առաջնագծից մի քանի կիլոմետր խորքում գտնվող զորավարժարանը։ Զոհվել են ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.):

Ոչ մարտական կորուստներ

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով նույն օրը զոհվել էր 1986 թ. ծնված կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը։ Սեպտեմբերին 6-ին հոսպիտալում մահացել էին 1977 թ. ծնված մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և 1977 թ. ծնված ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը, իսկ սեպտեմբերի 11-ին Էրեբունի բժշկական կենտրոնում մահացավ նույն ավտովթարում վիրավորված 1985 թ. ծնված մայոր Սևակ Տիգրանի Գասպարյանը։

Սեպտեմբերի 6-ին ՊԲ հյուսիսային զորամասերից մեկի մարտական հենակետում, ըստ նախնական տվյալների՝ ինքն իրեն հասցրած մահացու հրազենային վնասվածքից, մահացել է ՊԲ զինծառայող, 1996 թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը։

Սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում Տավուշի զինկոմիսար Դ.Պապյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել իր համագյուղացի Ա.Մկրտումյանը։

Սեպտեմբերի 21-ին Սիսիան-Վայք ավտոճանապարհին «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը։ Փրկարարները ձորից դուրս են բերել մեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված զինծառայող Սուրեն Դավթյանի դին։ Վերջինս ՊՆ զորամասերից մեկում ծառայում էր որպես կառավարման դասակի հրամանատար։

Վիրավորներ

Սեպտեմբերին 20 հոգի վիրավորվել է հակառակորդի կրակից (որից 16-ը՝ ՊԲ զորավարժարանում հակառակորդի հրետակոծության ժամանակ) ու ևս 1 հոգի ավտովթարի հետևանքով։

Սեպտեմբերի 1-ին հակառակորդը գնդակոծել է Տավուշի մարզի Չինարի, Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, ՀՀ ԶՈւ մարտական դիրքերը, ինչի հետևանքով վիրավորվել են ժամկետային 2 զինծառայող՝ 1996 թ. ծնված Վլադիմիր Արամի Գևորգյանը և 1993 թ. ծնված Գոռ Համբարձումի Գևորգյանը։

Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում հակառակորդի կրակոցներից վիրավորվել է 1972 թ. ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Գառնիկ Լալայանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Սեպտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզում ավտովթարում վիրավորվել էր 1987 թ. ծնված կրտսեր սերժանտ Հարություն Հրանտի Միրզոյանը։

Սեպտեմբերի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում՝ Ոսկեվանի ուղղությամբ, հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, Պտղավան գյուղի բնակիչ, 1986 թ. ծնված Ռուսլան Սերգեյի Մկրտիչյանը։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալուց հետո զինծառայողը վերադարձել է ծառայության։

Սեպտեմբերի 25-ին ՊԲ զորավարժարանի վերոնշյալ հրետակոծման հետևանքով 4 զինծառայող է զոհվել, ևս 16-ը վիրավոր են.

  • Արկադի Արմենի Մուրադյանը
  • Հարություն Նորիկի Թովմասյանը
  • Կարեն Սասունի Վարդանյանը
  • Վանիկ Ավետիքի Մարտիրոսյան
  • Թաթուլ Աշոտի Պողոսյանը
  • Սերգեյ Հարությունի Էլոյանը
  • Խաչատուր Հայրիկի Պապիկյանը
  • Յաշա Արկադիի Բաղդասարովը
  • Արման Արմենակի Ստեփանյանը
  • Նարեկ Սարմենի Թառումյանը
  • Կարեն Անատոլիի Երեմյանը
  • Սաֆար Արսենի Սաֆարյանը
  • Վուրգ Աղասու Գալստյանը
  • Ռազմիկ Նորիկի Խաչատրյանը
  • Սեդրակ Հովսեփի Ղարիբյանը
  • Հայկ Հովհաննեսի Հովհաննիսյանը

Ռազմինֆոն ցուցակները կազմելիս օգտվել է բացառապես բաց աղբյուրներից: Դրանք են գերատեսչական աղբյուրները՝ ՊՆ կայքը և մամուլի ծառայությունը, ՊԲ և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքերը, ինչպես նաև թեմային անդրադարձող հայկական լրատվամիջոցները և այլ բաց աղբյուրները։

2015թ. հայկական զինված ուժերում գրանցված կորուստներն են՝

Հունվար — 12 զոհ և 8 վիրավոր
Փետրվար — 6 զոհ և 1 վիրավոր
Մարտ — 8 զոհ և 4 վիրավոր
Ապրիլ — 4 զոհ և 10 վիրավոր
Մայիս — 1 զոհ և 1 վիրավոր
Հունիս — 3 զոհ և 6 վիրավոր
Հուլիս — 2 զոհ և 4 վիրավոր
Օգոստոս — 4* զոհ և 3* վիրավոր
Սեպտեմբեր — 14 զոհ և 21 վիրավոր

Քաղաքացիական կորուստներ

Սեպտեմբերին ադրբեջանական զինուժն ակտիվորեն հրետակոծել է նաև Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը։ Razm.info-ն կազմել է նաև այդ ամսում հակառակորդի գործողությունների արդյունքում սպանված և վիրավորված քաղաքացիական անձանց ցուցակը։ Սպանվել է 3, վիրավորվել՝ 10 քաղաքացիական անց։

Սեպտեմբերի 2-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել են մայր և որդի Նազիկ և Ռազմիկ Թումանյանները։

Սեպտեմբերի 3-ին Տավուշի մարզի Վազաշեն գյուղում ադրբեջանական գնդակոծությունից վիրավորվել էր 3 քաղաքացիական։

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը դարձյալ խախտել է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը, ինչի հետևանքով սպանվել է Պառավաքարի բնակիչ 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, ևս 2 կին՝1921 թվականին ծնված Շուշան Ասատրյանը և 1974 թվականին ծնված Սոնյա Ռևազյանը, սպանվել են Բերդավան գյուղում։

Նույն օրը հակառակորդի հրետակոծության արդյունքում Բերդավանում վիրավորվել էին 1953թ. ծնված Արփիկ Արտաշի Մարալչյանը և 1971թ. ծնված Արմեն Հայկազի Հախվերդյանը։

Սեպտեմբերի 24-ին վիրավորվել էին նաև Այգեհովիտ գյուղի բնակիչներ 1931թ. ծնված Գուրգեն Իվանի Սիմոնյանը և 1970 թվականի ծնված Նունե Ռաֆիկի Շահնազարյանը։

Սեպտեմբերի 28-ին հակառակորդի կրակոցից Տավուշի մարզի Պառավաքար գյուղում վիրավորվել է 1977 թվականին ծնված Համլետ Չիլինգարյանը։

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ։

2 responses to “Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 4 — 10 հոկտեմբերի, 2015 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *