Սեպտեմբերի 21-ին հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում՝ Ոսկեվանի ուղղությամբ, հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով բեկորային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող։ Այս մասին հայտնում է հայաստանյան «Առավոտ» լրատվակայքը։
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ վիրավորվել է Պտղավանի բնակիչ, 1986 թվականին ծնված Ռուսլան Մկրտիչյանը։ Նա կրծքավանդակի հետին մակերեսին մանր բեկորային վնասվածքներ է ունեցել։ Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում առաջին բուժօգնություն ստանալուց հետո զինծառայողը վերադարձել է ծառայության։
Հայաստանյան News.am լրատվամիջոցի փոխանցմամբ էլ՝ Պտղավանի գյուղապետը հայտնել է, որ զինծառայողի վիճակը լավ է, ինքն անձամբ տեսակցել է նրան։
ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունից Ռազմինֆոյի հետ զրույցում ևս փաստեցին, որ պայմանագրային զինծառայողը լավ է, վերադարձել է ծառայության։
[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ըստ նախնական տվյալների՝ զինծառայողը վնասվածքը ստացել է սեպտեմբերի 21-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում՝ մարտական հենակետում ինժեներական աշխատանքներ կատարելու ժամանակ՝ հակառակորդի արձակած նռնականետի արկի բեկորներից:
Հակառակորդի կողմից ՀՀ զինված ուժերի պայմանագրային զինծառայողի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով (սպանության փորձ՝ կատարված ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։
Pingback: Ռազմաշաբաթ․ Հայաստան․ 20-26 սեպտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Հայկական զինուժի և քաղաքացիական կորուստները 2015-ի սեպտեմբերին. Ռազմինֆո | Ռազմ.info