Ռազմաշաբաթ. Թուրքիա. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015

Թուրքիայի խնդրանքով գումարվելու է ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ • Թուրք-սիրիական սահմանի թուրքական որոշ շրջաններ հայտարարվել են «անվտանգության հատուկ գոտիներ» • Թուրքիայի ԶՈւ-ն ավիահարվածներ է հասցրել Իրաքում PKK-ի ճամբարներին • Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել քրդական YPG-ի դիրքերին • Թուրքիայում սպանվել է Մանազկերտի ժանդարմերիայի պետը  • Թուրք-քրդական բախման հետևանքով սպանվել է Թուրքիայի ԶՈւ 6 զինծառայող

Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկան պատասխան կրակ է բացում ԻՊ դիրքերին. նկարը` «Դողան» գործակալության

Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկան պատասխան կրակ է բացում ԻՊ դիրքերին. նկարը` «Դողան» գործակալության

• Երկրում վերջին մեկ շաբաթվա կազմակերպված ահաբեկչական գործողությունները գնահատելու, ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի միջոցառումների և ռազմական գործողությունների մասին դաշնակից երկրներին տեղեկացնելու ու քննարկելու համար Թուրքիան հրավիրել է ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ, որը կայացել է հուլիսի 28-ին։ Այն հարցին, թե «արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Թուրքիային, եթե դրա կարիքը լինի»,  Դաշինքի գլխավոր քարտուղարը պատասխանել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ին ռազմական աջակցություն ստանալու հարցով խորհրդակցության ժամանակ չի դիմել»:

• Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Քիլիս հարավային նահանգի ղեկավարությունը Սիրիային սահմանակից որոշ շրջաններ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հայտարարել է «անվտանգության հատուկ գոտի», ինչը նշանակում է, որ  այդ ժամանակահատվածում նշված տարածքներ մուտք գործելն արգելվում է։

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

• Թուրքիայի զինված ուժերը հուլիսի 24-ի երեկոյան, հուլիսի 25-ին և 26-ին F-16 կործանիչներով ավիահարվածներ են հասցրել Իրաքում տեղակայված «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) ռազմական ճամբարներին։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի՝ F-16 կործանիչներն Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 6 ճամբարները ռմբակոծել են նաև հուլիսի 28-ից 29-ին։

• Թուրքիայի ԶՈւ  ցամաքային զորքերը տանկերով հարվածել են Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքից արևմուտք և Ջերաբլուսի դիմաց տեղակայված քրդաբնակ Զորմիխար գյուղի՝ քրդական YPG-ի և «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման դիրքերին, վիրավորվել է ՍԱԲ-ի 4 զինյալ։

• Վերջին շաբաթվա ընթացքում թուրքական օդուժն ընդհանուր առմամբ սպանել է շուրջ 260 PKK-ի մարտիկ, ևս 380-ից 400-ը վիրավորվել են ավիահարվածների հետևանքով։

• Հուլիսի 27-ին Մուշի Մանազկերտ քաղաքում PKK-ի անդամները կրակել են զինվորականի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է ժանդարմերիայի մայոր Արսլան Քուլաքսզը։

Հուլիսի 28-ին Հաքքարիում սպանված Թուրքիայի ԶՈւ ենթասպա Զիյա Սարփքայան

Հուլիսի 28-ին Հաքքարիում սպանված Թուրքիայի ԶՈւ ենթասպա Զիյա Սարփքայան

• Հուլիսի 26-ին Դիարբեքիրի Լիջե գավառում քրդական ուժերը պայթեցրել են Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է Թուրքիայի ԶՈւ 2 զինծառայող, վիրավորվել՝ 4 զինծառայող։ Եվս մեկ զինծառայող  զոհվել  է հուլիսի 28-ին։ Վերջինս ծառայում էր ցամաքային զորքերի 34-րդ սահմանային բրիգադում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ այս զինծառայողին սպանել են PKK-ի անդամները։ PKK անդամները մեղադրվում են նաև հուլիսի 30-ին Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում թուրք 3 զինծառայողի սպանության համար։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *