Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել նաև քրդական YPG-ի դիրքերին

Թուրքիայի ԶՈւ  ցամաքային զորքերը տանկերով հարվածել են Սիրիայի քրդաբնակ Քոբանի քաղաքից արևմուտք և Ջերաբլուսի դիմաց տեղակայված քրդաբնակ Զորմիխար գյուղի՝ քրդական YPG-ի և «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ) խմբավորման դիրքերին, վիրավորվել է ՍԱԲ-ի 4 զինյալ։ Այս մասին հուլիսի 26-ին հայտնում է քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մամուլի ծառայությունը։

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) զինված ուժերի՝ YPG-ի գլխավոր շտաբը հայտնում է, որ թուրքական զինուժը հուլիսի 24-ին և 26-ին մի քանի անգամ տանկերով հրետակոծել է քրդաբնակ գյուղը և հարակից շրջանները, ինչի հետևանքով Սիրիայի ազատ բանակի 4 զոհերից բացի վիրավորվել են նաև գյուղի մի շարք բնակիչներ։ Քրդական ուժերի պնդմամբ` հուլիսի 26-ին թուրքական տանկերը հրետակոծել են նաև Քոբանի քաղաքից արևելք և Թել Աբյադից արևմուտք գտնվող Թիլ Ֆինդիր ավանը` կրակի տակ առնելով YPG-ի մեկ ավտոմեքենա:

Նշենք, որ Թուրքիան քրդական PKK-ի (Քրդստանի աշխատավորական կուսակցություն) դիրքերին Իրաքում, իսկ «Իսլամական պետության» դիրքերին Սիրիայի տարածքում ավիահարվածներ սկսեց, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվեց թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին։

Միջադեպից հետո թուրքական զինուժը տանկերով և հաուբիցներով սկսել էր հրետակոծել նաև սիրիական Ջերաբլուսի շրջանում ԻՊ դիրքերը։ Ըստ երևույթին` այդ հարվածների ժամանակ էլ Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել Ջերաբլուսի մոտակայքում գտնվող քրդական բնակավայրերին։

Հավելենք, որ թուրքական «Միլլիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԶՈւ աղբյուրները հերքել են քրդական YPG-ի դիրքերին հարվածելու մասին տեղեկությունները` նշելով, որ Ջերաբլուսի շրջանում ԻՊ-ի և քրդական ուժերի դիրքերը չափազանց մոտ են իրար, սակայն առայժմ Թուրքիայի թիրախը Սիրայում միայն ԻՊ-ն է:

Հարկ է հիշեցնել, որ Թուրքիան PYD-ին միշտ դիտել է իբրև «Քրդական աշխատավորական կուսակցության» թև  և սպառնալիք Թուրքիայի անկախության համար։ 2014-ի  նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանը PYD-ին կոչել է նույնպիսի ահաբեկչական կազմակերպություն, ինչպիսին «Քրդական աշխատավորական կուսակցությունն» է, և PYD-ին բացահայտորեն աջակցելու համար մեղադրել ԱՄՆ-ին:

Ավելացնենք նաև, որ քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությունը (PYD) ամիսներ շարունակ պայքարում էր Քոբանի քաղաքի քրդերի վրա հարձակված «Իսլամական պետություն» ահաբեկչական կառույցի դեմ։ 2015-ի հունիսի 25-ից 27-ը տևած կռիվների ընթացքում քրդական «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատի» (YPG) մարտիկները սպանել են ԻՊ 60 զինյալի, իսկ հունիսի 27-ին կարողացել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողությունից ամբողջությամբ ազատել Սիրիայի հյուսիսում տեղեկայված, հիմնականում քրդաբնակ Քոբանի քաղաքը:

3 responses to “Թուրքիայի ԶՈւ-ն հարվածներ է հասցրել նաև քրդական YPG-ի դիրքերին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 26 հուլիսի – 1 օգոստոսի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան զրահատեխնիկա է կուտակում Սիրիայի սահմանին | Ռազմ.info

  3. Pingback: Թուրքիայի վարչապետը հավասարապես վտանգ է համարել ԻՊ-ն, Ասադի վարչակարգը և Սիրիայի քրդական YPG-ն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *