Թուրքիայի խնդրանքով գումարվելու է ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ

Թուրքիան պաշտոնապես դիմել է ՆԱՏՕ-ի քարտուղարությանը՝ Դաշինքի հետ ունեցած պայմանագրի համաձայն երկրներից մեկին սպառանացող վտանգի դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում խորհրդի նիստ գումարելու խնդրանքով։ Այս մասին հուլիսի 26-ին հայտնում է Թուրքիայի արտգործնախարարության կայքը։

Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկան պատասխան կրակ է բացում ԻՊ դիրքերին. նկարը` «Դողան» գործակալության

Թուրքիայի ԶՈւ զրահատեխնիկան պատասխան կրակ է բացում ԻՊ դիրքերին. նկարը` «Դողան» գործակալության

Նշվում է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում կազմակերպված ահաբեկչական գործողությունները գնահատելու, ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի միջոցառումների և ռազմական գործողությունների մասին դաշնակից երկրներին տեղեկացնելու ու քննարկելու համար Հյուսիսատլանտյան դաշինքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ է հրավիրել։  Ըստ նախնական տվյալների՝ այն կանցկացվի հուլիսի 28-ին՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի գլխավորությամբ և Դաշինքի անդամ 28 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Հավելենք, որ համաձայն 1949-ին Վաշինգթոնում ստորագրված ՆԱՏՕ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի. «Պայմանավորվող կողմերը մշտապես պարտավոր են խորհրդակցել միմյանց հետ, եթե նրանցից մեկի կարծիքով Դաշինքի անդամ երկրներից որևէ մեկի տարածքային անվտանգությունը, քաղաքական անկախությունը կամ անվտանգությունը հայտնվել է վտանգի տակ»։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ Խորհրդի նիստ հրավիրելու պատճառներն են՝ հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում կազմակերպված ահաբեկչական պայթյունը, որին զոհ գնաց քրդամետ (Ռազմինֆո) կազմակերպության 32 անդամ, ինչպես նաև այս գործողությունից հետո Դիարբեքիրում, Շանլըուրֆայում և Քիլիսում Թուրքիայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հանդեպ կազմակերպված ահաբեկչական հարձակումները, ինչից հետո Թուրքիայի ուժային ծառայություններն իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։  Այս և այլ միջոցառումների վերաբերյալ Թուրքիան տեղեկություն է տրամադրել նաև Միավորված ազգերի կազմակերպությանը (ՄԱԿ)։

Հավելենք, որ Թուրքիայի նշված միջոցառումների շարքում են նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբովորման դեմ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելուց զատ՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դիրքերին Իրաքի Քանդիլի լեռների հատվածում հասցված ավիահարվածները, ինչպես նաև Թուրքիայի տարբեր նահանգներում կազմակերպված զանգվածային ձերբակալությունները, որոնք քրդական շարժման կողմից գնահատվել են իբրև զինադադարի խախտում։

Հավելենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդի նիստ հրավիրելու Թուրքիայի առաջարկը հաստատվել է նաև Դաշինքի կողմից, որի պաշտոնական հաղորդագրությունը հրապարակվել  է ՆԱՏՕ-ի կայքում։ Դաշինքի կայքում նշվում է, որ իրենք համաձայն են Թուրքիայի գործողությունների հետ։

One response to “Թուրքիայի խնդրանքով գումարվելու է ՆԱՏՕ-ի խորհրդի արտահերթ նիստ

  1. Pingback: Թուրքիան ՆԱՏՕ-ին չի դիմել ռազմական աջակցություն ստանալու հարցով. Ստոլտենբերգ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *