Սպանվել է 260, վիրավորվել մոտ 400 PKK մարտիկ. «Անադոլու»

Հուլիսի 30-ից 31-ը Թուրքիայի տարածքում և երկրից դուրս Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ իրակացված գործողություններին ներգրավվել է 80 ռազմական ինքնաթիռ, ոչնչացվել է PKK-ի շուրջ 100 ապաստարան, պահեստ և այլ կառույցներ: Այս մասին օգոստոսի 1-ին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի F-16 կործանիչներ

Գործակալության փոխանցած տեղեկությունում նշվում է, որ հուլիսի 24-ից մինչ օրս PKK-ի դեմ իրականացված ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է շուրջ 260 PKK-ի մարտիկ, վիրավորվել 380-ից 400-ը, այդ թվում նաև` Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի եղբայր Նուրեթթին Դեմիրթաշը:

Հաղորդվում է, որ միայն հուլիսի 31-ի կեսօրին սկսված ավիահարվածներին ներգրավվել է 28 միավոր F-16 կործանիչ: Ավիահարվածները շարունակվել են մինչև ուշ գիշեր: Ընդհանուր առմամբ հուլիսի 30-ից 31-ն իրականացված գործողություններին ներգրավվել է Թուրքիայի ԶՈւ 80 միավոր ռազմական ինքնաթիռ, այդ թվում՝ 2 միավոր լիցքավորող ինքնաթիռ, ԱԹՍ-ներ, 5 միավոր հետախուզական ինքնաթիռ և կործանիչներ:

Նշենք, որ այս ամիս թուրք-քրդական հարաբերությունները կրկին սրվել են, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են։

Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան  ուղարկեցին զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում։ Դրանից զատ թուրքական զինուժը ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ էր հասցրել F-16 կործանիչներով։ Հուլիսի 25-ին և 26-ին մի քանի անգամ ավիահարվածներ են հասցրվել նաև Իրաքում տեղակայված PKK ստորաբաժանումների դիրքերին։ Ավիահարվածները PKK-ի 6 դիրքերին շարունակվել են նաև հուլիսի 28-29-ին։

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։

Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Թուրքիայի զինված ուժերն ավիահարվածներ են հասցրել քրդական PKK-ի դիրքերին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *