Թուրք-սիրիական սահմանի թուրքական որոշ շրջաններ հայտարարվել են «անվտանգության հատուկ գոտիներ»

Թուրքիայի՝ Սիրիային սահմանակից Քիլիս հարավային նահանգի ղեկավարությունը Սիրիային սահմանակից որոշ շրջաններ հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը հայտարարել է «անվտանգության հատուկ գոտի», ինչը նշանակում է, որ արգելվում է այդ ժամանակահատվածում մուտք գործել նշված տարածքներ։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնում է թուրքական «Իհլաս հաբեր» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով Քիլիսի նահանգապետարանի հայտարարությունը։

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Թուրքիան տանկեր է ուղարկում Սիրիայի հետ սահմանի Քրքամըշ և Քիլիս գավառներ

Նշվում է, որ վերջին շրջանում Սիրիայի հետ սահմանին գրանցված վտանգները կանխելու, նահանգի բնակիչների անվտանգությունն ապահովելու և հնարավոր վտանգները չեզոքացնելու համար «Զինվորական արգելված գոտիների և անվտանգության գոտիների» օրենքի համաձայն՝ Օնջույի և Ինանլըի սահմանային հենակետերի միջև ընկած տարածքը, Դարմըք և Չերչլի սահմանային հենակետերի միջև ընկած տարածքը, Գազիանթեփի նահանգի և Քիլիսի միջև ընկած տարածքը, ինչպես նաև Դաղ և Չոբանբեյ սահմանային հենակետերի միջև ընկած տարածքները հուլիսի 30-ից մինչև օգոստոսի 5-ը՝ 7 օր ժամկետով, նահանգապետարանի որոշմամբ հայտարարվում են «անվտանգության հատուկ գոտիներ»։

Հավելենք, որ համաձայն վերը նշված օրենքի 32/Ա հոդվածի. «Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների անհրաժեշտությունից ելնելով՝ բացառությամբ բնակելի տարածություններից, գույքի և կյանքի անվտանգության ապահովման համար կյանքի համար վտանգավոր գոտիներում, ռազմական գործողությունների ընթացքում ԶՈւ գլխավոր շտաբը կամ ներքին գործերի նախարարությունն անհրաժեշտության դեպքում նախարարների խորհրդի որոշմամբ կարող են հայտարարել «Զինվորական կամ անվտանգության հատուկ գոտի»։ Անհապաղ անհրաժեշտության դեպքում նահանգապետարանն առավելագույնը 15 օր ժամկետով կարող է սահմանել «Անվտանգության հատուկ գոտիներ»։

Անվտանգության գոտի սահմանելու պարագայում՝ տվյալ մարմինը պարտավոր է մատչելի միջոցներով հայտարարել գոտու սահմանները, ժամկետը։ Այդ գոտիներ կարող են մուտք գործել միայն իրավասու մարմինների թույլտվության դեպքում։
Հավելենք, որ անվտանգության հատուկ գոտի սահմանելու պարագայում արգելվում է նաև այդ շրջաններով Սիրիայի կողմից եկած փախստականների մուտքը։

Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել էր թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել էին: Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան էին ուղարկել զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *