Թուրքիան ՆԱՏՕ-ին չի դիմել ռազմական աջակցություն ստանալու հարցով. Ստոլտենբերգ

Հուլիսի 28-ին Թուրքիայի խնդրանքով ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անցկացվել է վերջին մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայում կազմակերպված ահաբեկչական գործողությունները գնահատելու, ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի միջոցառումների և ռազմական գործողությունների մասին դաշնակից երկրներին տեղեկացնելու վերաբերյալ արտահերթ նիստ։

Թուրքիայի խնդրանքով հրավիրված ՆԱՏՕ-ի արտահերթ նիստը

Թուրքիայի խնդրանքով հրավիրված ՆԱՏՕ-ի արտահերթ նիստը

Ինչպես տեղեկացնում է ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը,  խորհրդակցության ժամանակ ՆԱՏՕ-ն իր հավանությունն  է տվել Թուրքիայի ձեռնարկած քայլերին։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտեմբերգը նշել է, որ իրենք ուշադիր հետևելու են Հյուսիսատլանտյան Դաշինքի սահմանների մոտ ծավալվող իրադարձություններին։

Թուրքական NTV  հեռուստաընկերության հարցին, թե «արդյո՞ք ՆԱՏՕ-ն պատրաստ է ռազմական աջակցություն տրամադրել Թուրքիային, եթե դրա կարիքը լինի»,  Յենս Ստոլտենբերգը պատասխանել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ին ռազմական աջակցություն ստանալու հարցով խորհրդակցության ժամանակ չի դիմել: Թուրքիան հավատարիմ դաշնակից է, բացի այդ, բավական ընդունակ բանակ ունի, մեծությամբ 2-րդ բանակը ՆԱՏՕ-ում»։

Իսկ բրիտանական Ռոյթերս գործակալության հարցին, թե «արդյո՞ք ՆԱՏՕ-ն ավելի կընդլայնի իր մասնակցությունն ԻՊ-ի դեմ պայքարում, թե այն կթողնվի ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիային», Ստոլտենբերգը պատասխանել է, որ ՆԱՏՕ-ն արդեն բավականաչափ ներգրավված է ԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարին։

«Դաշինքն օգնում է նաև այն երկրներին, ովքեր իրենց պաշտպանելու խնդիր ունեն։ Սա է պատճառը, որ ՆԱՏՕ-ն Աֆղանստանում է։ Մենք օգնում ենք նաև Հորդանանին, քանի որ այս երկիրը ԻՊ-ի հետ պայքարի առաջին գծում է գտնվում։ Այժմ մենք աշխատում ենք Իրաքի կառավարության հետ, թե ինչպես կարող ենք օգնել, խորհրդատվություն տրամադրել, մարզել նրանց ԻՊ-ի դեմ պայքարի համար», — հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղարը։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի՝ թուրք-սիրիական սահմանի Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու ցանկությանը, Ստոլտենբերգը հայտնել է, որ դա արդեն Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ բանակցությունների շրջանակներում է, և ՆԱՏՕ-ն դրա հետ կապ չունի։

Նշենք, որ Թուրքիան ցանկանում է 100 կիլոմետրանոց բոֆերային գոտի ստեղծել Սիրիայում իր հետ սահմանին «ԻՊ-ից պաշտպանվելու համար»։ Ըստ թուրքական իշխանության՝ այդ գոտին փախստականների համար փրկվելու վայր կլինի։ Վաշինգտոնն արդեն տվել է իր համաձայնությունը Թուրքիային, սակայն հայտարարել են, որ կարիք չկա Սիրիայի տարածքը հայտարարել ոչ թռիչքային գոտի։

Հիշեցնենք, որ Թուրքիան պաշտոնապես դիմել էր ՆԱՏՕ-ի քարտուղարությանը՝ Դաշինքի հետ ունեցած պայմանագրի համաձայն երկրներից մեկին սպառանացող վտանգի դեպքում ձեռնարկվելիք միջոցառումների շրջանակներում խորհրդի նիստ գումարելու խնդրանքով։

Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է, որ Խորհրդի նիստ հրավիրելու պատճառներն են՝ հուլիսի 20-ին Սուրուչ քաղաքում կազմակերպված ահաբեկչական պայթյունը, որին զոհ գնաց քրդամետ (Ռազմինֆո) կազմակերպության 32 անդամ, ինչպես նաև այս գործողությունից հետո Դիարբեքիրում, Շանլըուրֆայում և Քիլիսում Թուրքիայի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների հանդեպ կազմակերպված ահաբեկչական հարձակումները, ինչից հետո Թուրքիայի ուժային ծառայություններն իրականացրել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *