Այսօր՝ հուլիսի 30-ին, Թուրքիայի հարավարևելյան Շըրնաք նահանգում սպանվել է թուրք 3 զինծառայող։ Այս մասին հայտնում է երկրի ԶՈւ ԳՇ կայքը՝ պատահածի համար մեղադրելով «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) անդամներին։
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է, որ PKK-ի ահաբեկչական կազմակերպության անդամները հարձակվել են ցամաքային ուժերի 6-րդ մոտոհրաձգային բրիգադի Գյուրմեչ ու Սեսլիջե ռազմաբազաների զինվորական անձակազմի շարասյան անվտանգությունն ապահովող զինծառայողների վրա։ Արդյունքում զոհվել է թուրական բանակի մեկ սպա, մեկ եֆրեյտոր և մեկ շարքային։
Դեպքի վայր են ուղարկվել ԱԹՍ-ներ, ռազմական ուղղաթիռներ և կոմանդոսներ։ Հաջողվել է սպանել ահաբեկչիչներից մեկին։
«Ահաբեկիչներին բռնելու գործողությունները շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ այս ամիս թուրք-քրդական հարաբերությունները կրկին սրվել են, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվել է թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվել են։
Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան ուղարկեցին զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում։ Դրանից զատ թուրքական զինուժը ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ էր հասցրել F-16 կործանիչներով։ Հուլիսի 25-ին և 26-ին մի քանի անգամ ավիահարվածներ են հասցրվել նաև Իրաքում տեղակայված PKK ստորաբաժանումների դիրքերին։ Ավիահարվածները PKK-ի 6 դիրքերին շարունակվել են նաև հուլիսի 28-29-ին։
Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում քրդական անկախ պետության հիմնումը: Այն հայտնի է նաև մի շարք այլ անուններով, այդ թվում նաև HPG անունով։
Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ) Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։