Թուրքիայում ևս մեկ զինծառայող է սպանվել

Հուլիսի 28-ին Թուրքիայում սպանվել է ցամաքային զորքերի 34-րդ սահմանային բրիգադի զինծառայող, հետևակի ենթասպա Զիյա Սարփքայան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զինծառայողին սպանել են Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Հուլիսի 28-ին Հաքքարիում սպանված Թուրքիայի ԶՈւ ենթասպա Զիյա Սարփքայան

Հուլիսի 28-ին Հաքքարիում սպանված Թուրքիայի ԶՈւ ենթասպա Զիյա Սարփքայան

Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն հայտնում է, որ քաղաքացիական հագուստով զինծառայողին բանկի դիմաց հրազենով վիրավորել են PKK-ի անդամները։ Ենթասպան տեղափոխվել է Հաքքարիի հիվանդանոց, որտեղ էլ ստացած վերքերից մահացել է։

Հավելենք, որ վերջին օրերին Թուրքիայի ողջ տարածքում շարունակվում են թուրքական ուժայինների և քրդական կազմակերպությունների միջև բախումները։ Թուրքական ոստիկանությունը և ժանդարմերիան երկրի տարբեր նահանգներում ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով ձերբակալում են ազգությամբ քուրդ քաղաքացիների։ Սա իր հերթին բերում է քրդական տարրի դժգոհությանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Մուշի Մանազկերտ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները կրակել էին զինվորականի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել էր ժանդարմերիայի մայոր, Մանազկերտի ժանդարմերիայի պետ Արսլան Քուլաքսզը։

Հուլիսի 26-ին Դիարբեքիրի Լիջե գավառում քրդական ուժերը պայթեցրել էին Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ Թուրքիայի ԶՈւ 4զինծառայող։ Շրջանում սկսվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների ձերբակալման լայնածավալ ռազմական գործողություն։

Անհրաժեշտ է նշել, որ թուրք-քրդական հարաբերություններն առավելապես սրվեցին Իրաքի տարածքում քրդական PKK-ի ճամբարներին թուրքական զինուժի հասցրած ավիահարվածներից և Թուրքիայի տարածքում մասսայական ձերբակալություններից հետո, երբ քրդական կողմը հայտարարեց Թուրքիայի կողմից զինադադարի խախտման պատճառով վերջինիս դադարեցման մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *