Հուլիսի 26-ին Դիարբեքիրի Լիջե գավառում քրդական ուժերը պայթեցրել են Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ Թուրքիայի ԶՈւ 4 զինծառայող։ Շրջանում սկսվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների ձերբակալման լայնածավալ ռազմական գործողություն։ Այս մասին հայտնում է թուրքական «Դողան հաբեր» լրատվական գործակալությունը։
Նշվում է, որ PKK-ի անդամները պայթեցրել են Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը։ Միջադեպից հետո թուրքական զինուժը լայնածավալ գործողություններ է սկսել այդ շրջանում՝ ուղղված PKK-ի անդամների ձերբակալությանը։ Սակայն, ինչպես միշտ, Թուրքիայի զինված ուժերը դեռևս չեն ներկայացրել PKK-ի մեղավորության որևէ ապացույց։
Հավելենք, որ Թուրքիան քրդական կազմակերպության նկատմամբ ակտիվ գործողություններ սկսեց վարել, երբ հուլիսի 23-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կրակոցների հետևանքով զոհվեց թուրք-սիրական սահմանագծի Քիլիս քաղաքի շրջանում ծառայություն իրականացնող Թուրքիայի ԶՈւ մեկ ենթասպա, ևս երկու զինծառայող վիրավորվեցին։
Այս միջադեպից հետո Թուրքիայի զինված ուժերը բախման շրջան էին ուղարկել զրահատեխնիկա և հատուկ նշանակության ստորաբաժանում։ Այս գործողություններից զատ թուրքական զինուժը ԻՊ-ի դիրքերին ավիահարվածներ էր հասցրել F-16 կործանիչներով, ինչից հետո՝ հուլիսի 25-ին և 26-ին մի քանի անգամ ավիահարվածներ էր հասցրել նաև Իրաքում տեղակայված PKK ստորաբաժանումների դիրքերին։
Բացի այդ, թուրքական ոստիկանությունը հուլիսի 24-ին «հակաահաբեկչական գործողություններ» էր սկսել Թուրքիայի տարբեր հանագներում, որոնք ուղղված էին ԻՊ գորահայինների և քրդական PKK-ի ու վերջինիս հետ կապ ունեցող քրդական այլ կազմակերպությունների անդամների դեմ։ Միայն մեկ օրվա ընթացքում ձերբակալվել էր շուրջ 300 մարդ, որոնց մեծամասնությունն, ըստ էության, քրդական կազմակերպությունների անդամներ են։
Հիշեցնենք, որ hուլիսի 20-ին Թուրքիայի հարավային Ադըյաման նահանգի կենտրոնական շրջաններում թուրքական ժանդարմերիայի հատուկ գործողության ընթացքում բախվել էին թուրքական և քրդական ուժերը, ինչի հետևանքով սպանվել էր 1 ժանդարմ, ևս երկուսը վիրավորվել էին։
Pingback: Թուրքիայում ժանդարմերիայի մայոր է սպանվել | Ռազմ.info