Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնում է, որ հուլիսի 27-ին Մուշի Մանազկերտ քաղաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները կրակել են զինվորականի մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացել է ժանդարմերիայի մայոր Արսլան Քուլաքսզը։ Տեղեկությունը հրապարակվել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքում։
Նշվում է, որ PKK-ի գրոհայինները կրակել են զինվորականի անձնական մեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է նաև սպանված մայորի կինը։ Թուրքական «Միլլիյեթ» պարբերականն իր հերթին ավելացնում է, որ PKK-ի գրոհայինները երկար ժամանակ երկու մեքենայով հետապնդել են մայորին։ Հավելենք, որ սպանված մայորը Մանազկերտի գավառային ժանդարմերիայի պետն էր։ Թուրքական ուժային ծառայությունները քրդաբնակ այս շրջանում ևս PKK-ի դեմ լայնածավալ գործողություններ են սկսել։
Հավելենք, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում հատկապես սրվել են թուրք-քրդական հարաբերությունները։ Մասնավորապես հուլիսի 26-ին Դիարբեքիրի Լիջե գավառում քրդական ուժերը պայթեցրել էին Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել՝ Թուրքիայի ԶՈւ 4զինծառայող։ Շրջանում սկսվել է Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) անդամների ձերբակալման լայնածավալ ռազմական գործողություն։
Ավելի վաղ՝ hուլիսի 20-ին, Թուրքիայի հարավային Ադըյաման նահանգի կենտրոնական շրջաններում թուրքական ժանդարմերիայի հատուկ գործողության ընթացքում բախվել էին թուրքական և քրդական ուժերը, ինչի հետևանքով սպանվել էր 1 ժանդարմ, ևս երկուսը վիրավորվել էին։
Սակայն անհրաժեշտ է նշել, որ թուրք-քրդական հարաբերություններն առավելապես սրվեցին Իրաքի տարածքում քրդական PKK-ի ճամբարներին թուրքական զինուժի հասցրած ավիահարվածներից և Թուրքիայի տարածքում մասսայական ձերբակալություններից հետո, երբ քրդական կողմը հայտարարեց Թուրքիայի կողմից զինադադարի խախտման պատճառով վերջինիս դադարեցման մասին։
Pingback: Թուրքիայում ևս մեկ զինծառայող է սպանվել | Ռազմ.info