ԱՄՆ ճնշումների հերթական թիրախը Հնդկաստանն է․ առիթը կրկին Ս-400 է

Միացյալ Նահանգները հերթական անգամ փորձում է ճնշել Հնդկաստանին, որպեսզի վերջինս հրաժարվի Ռուսաստանից Ս–400 ԶՀՀ–ներ գնելու պայմանագրից։ Ամերիկյան կողմը հայտարարել է, որ դեռևս ոչ մի որոշում չկա, սակայն հնդկական կողմը հասկանում է Ռուսաստանից Ս–400–ներ գնելու հետևանքները։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Կենտրոնական և Հարավային Ասիայի հարցերով փոխօգնական Ալիսա Ուելսը։ Հնդկաստանյան India today թերթի հաղորդմամամբ՝ Ուելսը նաև ասել է, որ ԱՄՆ–ն շարունակում է բանակցել Հնդկաստանի ղեկավարության հետ։

Հնդկաստանը Ս–400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համալիրներ գնելու պայմանագիր ստորագրել է 2018 թվականի հոկտեմբերին, որի ընդհանուր արժեքը Ս-400 ԶՀՀ-ների 5 գնդի համար կազմում է 5,43 միլիարդ ԱՄՆ դոլար։

ԱՄՆ–ն մի քանի անգամ (1,2,3) կոչ է արել Հնդկաստանին հրաժարվելու Ս–400–ներից՝ առաջարկելով այլընտրանքային տարբերակներ, սակայն ՀՕՊ համակարգերի գնի հարցում դրանից ավելի վաղ Ռուսաստանն էլ իր հերթին էր զիջումների գնացել, և Հնդկաստանը վճարելու է նախատեսվածից ավելի քիչ։

ԱՄՆ պետաքրտուղար Մայք Պոմպեոն 2018 թ. սեպտեմբերին հայտարարել էր, որ ԱՄՆ–ն կարող է պատժամիջոցներ չկիրառել Հնդկաստանի դեմ՝ Ռուսաստանից Ս-400-ներ գնելու համար։ Սա հավանաբար կարող է կապված լինել նաև նրա հետ, որ տևական ժամանակ է ԱՄՆ–ն Հնդկաստանին հորդորում է Ֆ-35 կործանիչներ գնել, և փորձում է որպես «փոխհատուցում» Հնդկաստանի հետ կնքել ի վերջո այդ գործարքը։

ԱՄՆ-ն պատժամիջոներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով, որով սահմանափակվում են նաև երրորդ երկրների՝ Ռուսաստանից զենքի գնումները։

Նշենք, որ, Ս–400–ների գնումը խոչընդոտելու նպատակով, ԱՄՆ–ն պատժամիջոցներով սպառնում է նաև Թուրքիային (1,2,3,4,5)։ ԱՄՆ–ն Թուրքիային առաջարկում է Ս–400–ների փոխարեն Patriot համակարգեր գնել՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Թուրքիան դուրս կմնա F-35 կործանիչների ծրագրից և չի ստանա իր պատվիրած 100 միավոր կործանիչները։

ԱՄՆ–ի հնարավոր կիրառելիք պատժամիջոցների և դրանց հետևանքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *