Ս–400 կամ F-35. ԱՄՆ-ն Թուրքիային ընտրության առաջ է դնում

Վերջին շրջանում ամերիկյան կողմի բարձրաստիճան տարբեր պաշտոնյաներ, մամուլի խոսնակներ ու նույնիսկ զինվորականներ, ավելի ակտիվ են հայտարարում, որ Թուրքիայի՝ ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգեր գնելը կարող է հանգեցնել երկու երկրների համագործակցության վատթարացման։ 

Օրինակ՝ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Ռոբերտ Պալլադինոն մարտի 5–ին հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ գործարքը կարող է դառնալ Թուրքիային F-35 կործանիչների ծրագրից հեռացնելու պատճառ։ 

Նույն օրը Եվրոպայում ՆԱՏՕ միացյալ ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Քյորթիս Սկապարոտին Սենատի՝ զինված ուժերի կոմիտեի խորհրդի ժամանակ հայտարարեց, որ ինքն անձամբ խորհուրդ է տալու ԱՄՆ ղեկավարությանը F-35 չվաճառել Թուրքիային, եթե վերջինս չհրաժարվի Ս–400–ներից, ու չաշխատել ՆԱՏՕ այն անդամի հետ, որը կհամագործակցի Ռուսաստանի հետ, այն էլ օդային պաշտպանության ոլորտում։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է F-35–երի մատակարարումը Թուրքիա մինչև 2019թ. նոյեմբերի 1–ը։ Ծաղրանկարի հեղինակ՝ Վիտալի Պոդվիցկիյ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը արգելափակել է F-35–երի մատակարարումը Թուրքիա մինչև 2019թ. նոյեմբերի 1–ը։ Ծաղրանկարի հեղինակ՝ Վիտալի Պոդվիցկիյ

Ամերիկյան կողմի հայտարարություններին զուգահեռ թուրք պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահն ու արտգործնախարարը, շարունակում են պնդել, որ Ս–400–ների գործարքը արդեն կայացել է, և Թուրքիան որոշումը չի փոխելու։ Միայն մի քանի օր առաջ նախագահ Էրդողանը մեղադրեց ԱՄՆ–ին իրենց հարմար պայմաներով ՀՕՊ համակարգ չառաջարկելու համար․ 

«Օբամայի կառավարման ժամանակ էլ Patriot–ների [ամերիկյան զենիթահրթիռային համալիր խմբ. Ռազմինֆո] վերաբերյալ դրական պատասխան չեղավ։ … Մենք էլ պարոն Պուտինի հետ Ս–400–ների մասին խոսեցինք։ Թե՛ վարկի, թե՛ համատեղ արտադրության, թե՛ ժամկետների հարցում նա մեզ դրական պատասխաններ տվեց։ … Այս լավ պայմանները ստանալուց հետո գնանք ասենք «Ոչ, սա չենք գնելու՞» … ։ … Patriot–ների մասով. եթե մեզ համար լավ պայմաններ ապահովեք, մենք դրան էլ ենք պատրաստ։ … Ներող եղեք, բայց մենք պայմանագիրը արդեն կնքել ենք, վերջացավ այս գործը»,– հայտարարել էր Էրդողանը։ 

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ
Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն էլ հայտարարեց, որ Ս–400–ների շուրջ բանակցություններն արդեն ավարտվել են, պայմանագիրն էլ կնքված է.

«Դրանք աշնան վերջ արդեն կմատակարարվեն։ Մենք Ս–400–ները առանց այն էլ գնեցինք նրա համար, որ չկարողացանք Patriot–ներ գնել։ … Մենք ՀՕՊ համակարգերի կարիք ունենք։ Հիմա ամերիկացիները հայտարարեցին, որ կարող են Patriot-ներ վաճառել ու մեր պատվիրակությունները սկսեցին բանակցել։ Բայց մեզ համար կարևոր բաներ էլ կան. առաջինը՝ գործարքի գինը, երկրորդը՝ մատակարարման գործընթացը, և երրորդը՝ արդյո՞ք ապագայում արտադրության կամ էլ տեխնոլոգիաների փոխանակումներ կլինե՞ն, թե ոչ»,– նշել էր Չավուշօղլուն։

Նշենք, որ փետրվարի 21–ին Դոնալդ Թրամփը ստորագրել էր որոշում Թուրքիային մինչև նոյեմբերի 1–ը F-35 կործանիչների մատակարարումն արգելափակելու մասին։ Այս ընթացքում Պենտագոնը ևս մեկ անգամ պետք է զեկույց ներկայացնի «կործանիչների նախագծին Թուրքիայի մասնակցության և Ս–400–ների գնման մասին»։ Հնարավոր է, որ Թուրքիայի նկատմամբ ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցներ կիրառվեն։

Հիշեցնենք, որ Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի գնման պայմանագիրը Թուրքիան Ռուսաստանի հետ կնքել է 2017թ. դեկտեմբերին։ Բանակցությունների հենց սկզբից ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն դեմ են արտահայտվել այդ գործարքին, առաջարկելով դրան իրենց այլընտրանքային համակարգը՝ Patriot-ը։ 

Սակայն Թուրքիան հայտարարում է, որ ամերիկյան համակարգերը թանկ են և միայն պայմանները իրենց համար հարմար լինելու դեպքում կգնեն դրանք։ ԱՄՆ առաջարկած Patriot–ների գործարքի գինը 3,5 մլրդ դոլար է կազմում։ Այժմ շարունակվում են ԱՄՆ–ի հետ բանակցությունները այս համակարգերի համար։ 

Հավելենք, որ ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ երկու միավոր F-35 Թուրքիա էր մատակարարվելու այս տարվա մարտին, ու նախարարը պնդում էր, որ կործանիչների ծրագրում որևէ փոփոխություն չի եղել։ 

Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ.
Թուրքիայի համար նախատեսված առաջին F-35-ը. մայիս 2018 թ.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *