Ի՞նչ պատժամիջոցներ կարող է ԱՄՆ-ն կիրառել Թուրքիայի նկատմամբ

ԱՄՆ–ն տևական ժամանակ է սպառնում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, պատճառը՝ ռուսական Ս–400 զենիթահրթիռային համակարգի գնման թուրք–ռուսական գործարքն է։ Թուրքական կողմը համակարգերը նախատեսում է ստանալ այս հուլիսին, ըստ այդմ՝ իրավիճակն այժմ ավելի սրվում է։

Իրանի, Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում ԱՄՆ–ն արդեն իսկ պատժամիջոցներ սահմանել է։ Ըստ ամերիկացիների՝ այժմ նույնը սպասվում է Թուրքիային, եթե վերջինս չհրաժարվի ռուսական համակարգերից։

Ստացվել է այնպես, որ ռուսական Ս–400-ները մեծ պահանջարկ են ձեռք բերել. Չինաստանը, Հնդկաստանը և Թուրքիան արդեն պատվիրել են դրանք (առաջինն արդեն ստացել է առաջին խմբաքանակը)։ Վերջերս ամերիկյան «Բլումբերգ» գործակալությունը՝ հղում անելով Ռուսաստանի անանուն աղբյուրներին (այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյայի), գրել էր, թե Իրանը ևս հետաքրքրված է այս համակարգերով, սակայն այդ լուրը հերքվեց ռուսական պետական «ՏԱՍՍ» գործակալության կողմից։

Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր
Ռուսաստանյան արտադրության Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգեր

Այնուամենայնիվ, քանի դեռ հստակ է, որ Ս–400-ները պատվիրել են Թուրքիան ու Հնդկաստանը, ԱՄՆ–ն երկուսին էլ սպառնում է և միաժամանակ այլընտրանքներ առաջարկում (Չինաստանին, հնարավոր է, որ ԱՄՆ–ն չի սպառնում այս պատժամիջոցներով, քանի որ օրենքի համապատասխան բաժինը ստեղծվել է չին–ռուսական համաձայնագրից (2015թ.) երկու տարի անց)։ Ավելին՝ Թուրքիային նաև սպառնում է դուրս թողնել ամերիկյան F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից ու այդ ուղղությամբ արդեն իսկ դադարեցրել է որոշ սարքավորումների մատակարարումներն ու թուրք օդաչուների մարզումները։

Իսկ ի՞նչ պատժամիջոցներ կարող են կիրառվել Թուրքիայի նկատմամբ՝ ըստ այս օրենքի. ամերիկյան պատժամիջոցները ռուսական այդ համակարգերի գնման համար նախատեսվում են CAATSA–ի 231–րդ բաժնով, ըստ որի՝ «ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանի հետախուզական կամ պաշտպանական ոլորտների հետ որևէ կապ ունեցող անձի հետ գործարքի մեջ մտած անձի / մարմնի նկատմամբ կիրառել օրենքի 235–րդ բաժնում ներկայացված պատժամիջոցներից հինգը կամ ավելին»։ Ռուսաստանյան նշված ոլորտների կառույցների ցուցակում Ս–400 ՀՕՊ համակարգն արտադրող «Ալմազ–Անտեյ» ընկերությունը երկրորդն է։

Պատժամիջոցները սահմանող 235–րդ բաժնում ասվում է, որ ԱՄՆ նախագահը կարող է.

  1. արգելել ԱՄՆ արտահանման–ներմուծման բանկին արտահանման համար նախատեսված ցանկացած բանկային գործարք այն անձի / մարմնի հետ, որի նկատմամբ կիրառվել է պատժամիջոց;
  2. կարգադրել ԱՄՆ կառավարությանը պատժամիջոցների ենթարկված անձին / մարմնին չլիազորել որևէ ապրանքի (այդ թվում՝ զինտեխնիկայի) արտահանում;
  3. արգելել ԱՄՆ ցանկացած ֆինանսական կառույցի ամեն 12 ամսվա ընթացքում 10 մլն դոլարից ավելի վարկ տրամադրել պատժամիջոցների ենթարկված անձին / մարմնին, եթե դիմողը գումարը չի օգտագործելու մարդասիրական օգնության համար;
  4. հրահանգել ցանկացած միջազգային ֆինանսական կառույցում ԱՄՆ գործադիր մարմնին ընդդիմանալ և դեմ քվեարկել պատժամիջոցների ենթարկված անձին վարկ տրամադրելու գործընթացին;
  5. արգելել արտարժույթի ցանկացած միջազգային գործարք, որը ենթակա է ԱՄՆ ենթադատությանը և պատժամիջոցների ենթարկված անձի / մարմնի հետաքրքրության շրջանակներում է;
  6. արգելել ԱՄՆ ենթադատության և պատժամիջոցների ենթարկված անձի / մարմնի հետաքրքրության շրջանակներում եղած գումարների ցանկացած փոխանակում ֆինանսական հաստատությունների միջև;
  7. արգելել պատժամիջոցների ենթարկված անձին / մարմնին ԱՄՆ ենթադատության տակ գտնվող ցանկացած գույքի նկատմամբ գործարքը;
  8. արգելել ԱՄՆ ցանկացած քաղաքացու ներդրում անել կամ գնել պատժամիջոցների ենթարկված անձի / մարմնի պարտատոմսերը;
  9. հրահանգել Պետքարտուղարությանը և ներքին անվտանգության քարտուղարությանը մուտքի արտոնագիր չտրամադրել կամ վտարել այն անձին, որը պատժամիջոցների ենթարկված անձի / մարմնի հետ համագորածակցող պաշտոնյա է կամ հենց այդ անձն է;
  10. պատժամիջոցների ենթարկված անձի / մարմնի գործող ծառայողների նկատմամբ կիրառել այս ենթաբաժնում ներկայացված պատժամիջոցներից յուրաքանչյուրը։

Բացի այդ՝

  • Եթե պատժամիջոցների ենթարկվող մարմինը ֆինանսական հաստատություն է, ապա նրա հետ որևէ գործարք կնքելու իրավունք չունեն Դաշնային ռեզերվային համակարգի ղեկավարների խորհուրդն ու Նյու Յորքի Դաշնային ռեզերվային բանկը։ Ինչպես նաև՝ եթե ԱՄՆ–ն համագործակցում է այդ ֆինանսական հաստատության հետ և այն հայտնվում է պատժամիջոցների տակ, ապա այլևս արգելվում է այդ մարմնի միջոցով որևէ գործարք իրականացնել ու այդտեղ ռեզերվային պահուստներ ունենալ;
  • ԱՄՆ–ն առևտրային կամ սպասարկման ոլորտի որևէ գործարքի մեջ չի մտնի պատժամիջոցների ենթարկված անձի / մարմնի հետ։

Այսպիսով՝ ԱՄՆ–ն Թուրքիայի նկատմամբ կարող է պատժամիջոցներ կիրառել նշված դեպքերում։

Օրինակ՝ նախորդ տարի, երբ Թուրքիայում Գյուլենականների հետ կապի համար ձերբակալվել էր ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնը, ԱՄՆ–ն պահանջում էր վերջինիս արտահանձնումը։ Անկարան մերժում էր, պնդելով, որ իր «ժողովրդավարական երկրում դատական համակարգն անկախ է և առանց իշխանության միջամտության է որոշելու քահանայի ճակատագիրը»։

Օգոստոսի 1–ին Ամերիկան պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ, պնդելով, որ «նրանք են Բրանսոնի ձերբակալման և դատավարության հիմնական պատասխանատուները»։

Պատժամիջոցներով երկու նախարարների մուտքն ԱՄՆ արգելվեց, նրանց ունեցած գույքը, որը ԱՄՆ ենթադատության տակ էր՝ արգելափակվեց, իսկ ԱՄՆ քաղաքացիներին արգելվեց որևէ գործարք կնքել նրանց հետ։

Թուրք նախարարները հայտարարեցին, որ «ԱՄՆ–ում մի տնկած ծառ անգամ չունեն, և իրենց միակ գույքը Ֆեթթուլահ Գյուլենն է», որին ԱՄՆ–ն հրաժարվում է արտահանձնել։ Թուրքիայի նախագահն էլ, իր հերթին, հայտարարեց, որ ի պատասխան Ամերիկայի՝ հրամայել է արգելափակել ԱՄՆ արդարադատության և ներքին գործերի նախարարների սեփականությունը Թուրքիայում։

Նկատենք, որ թուրք նախարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները համապատասխանում էին 235–րդ բաժնի 8-9-10-11 կետերին։ Սրանք ամերիկյան կողմի ամենաթեթև քայլերն էին, քանի որ նշանակալի փոփոխություն դրանով չէր արձանագրվելու։ Այս պատժամիջոցները փոխադարձ չեղարկվեցին 2018թ. նոյեմբերի 2–ին՝ Էնդրյու Բրանսոնի ազատ արձակվելուց և ԱՄՆ մեկնելուց միայն 20 օր անց։

Բացի այդ՝ նույն թվականի օգոստոսին թուրքական լիրան սկսել էր արժեզրկվել ու այս գործընթացին նպաստեց նաև օգոստոսի 10–ին Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Թուրքիայից պողպատի և ալյումինի ներկրման սակագները երկու անգամ բարձրացնում է։


Չնայած ԱՄՆ սպառնալիքներին, Թուրքիան շարունակում է պնդել, որ չի հրաժարվելու Ս–400-ներից և առաջարկում է համատեղ աշխատանքային խումբ ստեղծել։ Ամերիկյան կողմը պատասխանում է, որ միևնույնն է ստեղծվող խմբի որոշումը չի ազդելու ԱՄՆ դիրքորոշման վրա։

Ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգերի գնման, F-35 կործանիչների արտադրության համատեղ ծրագրի և Ս–400-ների խնդրի լուծման շուրջ երկկողմ բանակցությունները դեռ շարունակվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *