Հունիսի 12–ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում անցկացվեց Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի պաշտպանության նախարարների 7-րդ համատեղ հանդիպումը։ Ըստ պաշտոնական հայտարարությունների՝ կողմերը քննարկել են եռակողմ ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ընդլայնումը և տարածաշրջանային անվտանգությունը։
Հանդիպման ավարտին քննարկումների արդյունքների հիման վրա կողմերը համագործակցության արձանագրություն են ստորագրել, դրանից հետո՝ տվել համատեղ մամուլի ասուլիս։

Հայտարարություններ․
Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «այս տարի Թուրքիան ու Ադրբեջանը անցկացնելու են համատեղ 13 զորավարժություն՝ ի համեմատ 2018թ. 7 զորավարժության»։ Ըստ նրա՝ հանդիպմանը կողմերը զորավարժությանը մասնակցելու են հրավիրել Վրաստանին։
Վրացի նախարար Լևան Իզորիան ընգծել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել մասնակցելու Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շրջանակներում անցկացվող կամ միջազգային այլ զորավարժություններին։

Կողմերը հայտարարել են, որ համագործակցության շրջանակներում աջակցելու են Թուրքիային՝ «ահաբեկիչների դեմ պայքարում»։
Երկկողմ հանդիպումներ․
Մինչ համատեղ հանդիպումը երեք նախարարները տարբեր երկկողմ հանդիպումներ են ունեցել։
Զաքիր Հասանովը վրացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ստորագրել է երկու երկրների ռազմական համագործակցության 2019թ. ծրագիրը, իսկ թուրք գործընկերոջ՝ Հուլուսի Աքարի հետ, ում հանդիպել էր նաև հունիսի 10–ին՝ Նախիջևանում, Հասանովը քննարկել է երկկողմ համագործակցությունը։

Առանձին հանդիպել են նաև Լևան Իզորիան և Հուլուսի Աքարը։ Ըստ Վրաստանի ՊՆ–ի՝ քննարկվել են ռազմական ոլորտում համագործակցությունը, ՆԱՏՕ–Վրաստան զորավարժությունները և Սև ծովում անվտանգության պահպանմանն ուղղված հարցեր։
Հանդիպմանը մասնակցելու համար Վրաստանի նախարարը Ադրբեջան էր ժամանել երեկ՝ հունիսի 11–ին, իսկ Թուրքիայինը՝ հունիսի 10–ից Նխաիջևանում էր և հետևում էր թուրք–ադրբեջանական համատեղ զորավարոժությանը։
Նշենք, որ այս տարի ապրիլին իր հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հատուկ ընգծել էր Թուրքիայի հետ երկկողմ և եռակողմ զորավարժությունները անցկացնելու մասին ծրագրերը։ Հասանովը Վրաստանի և Թուրքիայի հետ համատեղ եռակողմ զորավարժությունները պայմանավորում է տնտեսական ծրագրերի անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ:
Երեք երկրների պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումները սկսել են 2012թ–ից և անկացվում են տարին մեկ անգամ։