ՊԲ․ Ադրբեջանի ռազմաօդային ավիացիան խախտում է սահմանված թռիչքային գոտին և սրում իրավիճակը

Այսօր ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում կրակել են տարատեսակ հրաձգային զինատեսակներով, կիրառել են 60 մմ ականանետեր (8 արկ): Արցախի ՊԲ–ն հերքում է այս տեղեկությունը և հայտարարում է, որ այս գիշեր Ադրբեջանն է դիմել սադրանքների։

Մասնավորապես, Արցախի Պաշտպանության բանակի հայտարարության մեջ նշվում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը  ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ է դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի  նռնականետեր (5 նռնակ):  Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող է հիմնավորել համապատասխան տեսագրություններով:

Բացի դրանից, առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօթաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին․

«Ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը»:

Արցախի ՊԲ–ն կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեքբերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *