ԱՄՆ սահմանելիք պատժամիջոցների դեպքում էլ Հնդկաստանը չի հրաժարվի ՌԴ–ից Ս-400 ԶՀՀ գնելուց․ ԶԼՄ

Սեպտեմբերի 6–ին ԱՄՆ և Հնդկաստանի պաշտապանության և ԱԳ նախարարների 2+2 ձևաչափով հանդիպմանը հնդկական կողմը մտադիր է տեղեկացնել, որ ավարտին է հասցնելու Ռուսաստանից Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի գնումը։

Այս մասին հայտնում է հնդկական «The Pioneer» թերթը՝ հղում անելով կառավարական իր աղբյուրին։

Հնդկաստանը մտադիր է հասնել նրան, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ չկիրառի իր դեմ, քանի որ ռուսական Ս-400 ԶՀՀ–ները անհրաժեշտություն են տարածաշրջանային զարգացումների ֆոնին։

Ավելի վաղ՝ Reuters-ի փոխանցմամբ՝ Պենտագոնից հայտնել էին, որ Միացյալ Նահանգները չի կարող երաշխավորել, որ Հնդկաստանը կարող է շրջանցել էմբարգոն։

Նշենք, որ 2014 թվականից Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ՝ հիմնավորելով Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի քաղաքականությամբ։ Պատժամիջոցներով սահմանափակվում են նաև երրորդ երկրների Ռուսաստանից զենքի գնումները։

Հիշեցնենք, որ օգոստոսին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենը հայտարարել էր, որ Ռուսաստանը զիջումների է գնացել  Հնդկաստանի համար Ս–400 «Տրիումֆ» ԶՀՀ–ների վերջնական գնի հարցում։

Համալիրների գնման համաձայնությունը Հնդկաստանը ձեռք է բերել 2016-ի հոկտեմբերին՝ նախագահների մակարդակով։ Սակայն դրանք գնելու մտադրության մասին Հնդկաստանը  հայտնարարել էր դեռևս 2015–ի դեկտեմբերին: Երկրի ՊՆ–ն որոշել էր Ռուսաստանից գնել զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար հատկացնելով շուրջ 6 մլրդ ԱՄՆ դոլար:

Նշենք, որ այս պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանը կդառնա Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգերի երրորդ արտասահմանյան պատվիրատուն՝ Չինաստանից և Թուրքիայից հետո։

 

Նանե Պետրոսյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *