ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների նախագիծը

Հունիսի 10–ին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում ընդունվել է նախագիծ, որով ամերիկյան կողմը, ռուսական Ս–400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման համար, կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ։

Նախագիծն առաջարկել են ներկայացուցիչների պալատի արտաքին կապերի կոմիտեի նախագահ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Էլիոթ Էնգելը և նույն կոմիտեի անդամ, հանրապետական Մայքլ ՄքՔոուլը։

Ըստ այս նախագծի՝ ներկայացուցիչների պալատը կոչ է անում պատժամիջոցների ամբողջական փաթեթ կիրառել Թուրքիայի նկատմամբ, եթե վերջինս գնի ռուսական համակարգերը։ Բացի այդ՝ նախագծով կոնգրեսականները կոչ են անում կասեցնել Թուրքիայի անդամակցությունը ամերիկյան F–35-երի արտադրության ծրագրին։

Պատժամիջոցների կիրառման հիմք է ընդունվում «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) ամերիկյան օրենքի 231–րդ բաժինը, ըստ որի՝ «ԱՄՆ նախագահը կարող է Ռուսաստանի հետախուզական կամ պաշտպանական ոլորտների հետ որևէ կապ ունեցող անձի հետ գործարքի մեջ մտած անձի նկատմամբ կիրառել օրենքի 235–րդ բաժնում ներկայացված պատժամիջոցներից հինգը կամ ավելին»։ Ռուսաստանյան նշված ոլորտների կառույցների ցուցակում Ս–400 ՀՕՊ համակարգն արտադրող «Ալմազ–Անտեյ» ընկերությունը երկրորդն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ–Թուրքիա հարաբերությունները լարվել են Թուրքիայի ռուսական Ս–400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման պատճառով։ Իրավիճակն ավելի սրվում է, քանի որ Թուրքիան նախատեսում է մինչև հուլիս ստանալ ռուսական համակարգերը։

Այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ–ն դադարեցրել է Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում թուրք օդաչուների մարզումներն F–35-երի համար և այժմ ամերիկյան կողմը պնդում է, որ եթե Թուրքիան չփոխի իր քաղաքականությունն, ապա կաշխատի Անկարային F–35-երի ծրագրից հեռացնելու ուղղությամբ։

Թուրքական կողմն էլ շարունակում է պնդել, որ Ս–400-ների գործարքն արդեն կատարված է և չի փոփոխվելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *