Ս–400-ների գնումը կարող է հանգեցնել Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցների․ ԱՄՆ ներկայացուցիչ

Հոկտեմբերի 25-ին ԱՄՆ արտգործնախարարության ներկայացուցիչը, անդրադառնալով Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի այն հայտարարությանը, որ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը Թուրքիայում կտեղակայվեն արդեն 2019թ․ հոկտեմբերից, հայտարարել է, որ Թուրքիայի Ս-400–ների գնումը կարող է լուրջ հետևանք ունենալ ԱՄՆ–Թուրքիա պաշտպանական գործարքների վրա։

Այս մասին Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հայտնել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ–ն զգուշացրել է Թուրքիային, որ ռուսական համակարգերի գնումը կարող է նոր պատժամիջոցների պատճառ դառնալ․

«․․․ Մենք երկար ժամանակ հասկացնում էինք, որ ցանկանում ենք աշխատել Թուրքիայի հետ հակահրթիռային համակարգերի և հակաօդային պաշտպանության ոլորտում։ ․․․ Ինչպես մենք հայտարարել էինք, կարևոր է, որ ՆԱՏՕ անդամ երկրները գնեն ՆԱՏՕ համակարգերին համապատասխան ռազմական տեխնիկա։ Ռուսական համակարգերը չեն  համապատասխանում այդ չափանիշներին»,– նշել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ս–400-ների գնումը կարող է հանգեցնել ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցների կիրառման՝ «Հակազդեցություն ԱՄՆ հակառակորդների վրա պատժամիջոցների ճանապարհով» (CAATSA) օրենքի շրջանակում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ ռուսական Ս–400-ները Թուրքիայում տեղակայվելու են 2019թ․ հոկտեմբերից։ Նա նշել էր, որ ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն չունեն մտահոգվելու որևէ առիթ, քանի որ «Թուրքիան թույլ չի տա ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ որևէ ոտնձգություն»։

Հուլուսի Աքարը հայտարարել էր նաև, որ որևէ փոփոխություն չի եղել ԱՄՆ–ից F-35 ինքնաթիռների գնման ծրագրում՝ չնայած նրան, որ Պենտագոնի  զեկույցի ժամկետը լրանալու է նոյեմբերի 13-ին։ Աքարը հայտնեց, որ 2019թ․ մարտին նախատեսվում է Թուրքիային մատակարարել ևս երկու միավոր ինքնաթիռ։

Հավելենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Ռուսական համակարգերի գնմանը արձագանքելով ՆԱՏՕ–ն և ԱՄՆ–ն մտահոգություն էին հայտնել, նշելով, որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ համակարգերին։

Իսկ թուրքական կողմը մի քանի անգամ ընդգծեց, որ ՆԱՏՕ–ն չի կարող ամբողջությամբ պաշտպանել Թուրքիայի օդային տարածքը, այդ պատճառով էլ Ս–400-ները անհրաժեշտություն են։

Երկկողմ մտահոգություններից և նախազգուշացումներից հետո ԱՄՆ–ն այս տարվա հուլիսին ժամանակավորապես արգելափակեց F-35–երի Թուրքիա մատակարարումը՝ մինչև Պենտագոնը 90–օրյա ժամկետում կներկայացնի զեկույց Թուրքիայի F-35–երի ծրագրին մասնակցության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *