2015թ․ երկու տապալված դիվերսիա ադրբեջանցի հատուկջոկատայինի պատմությունից

Ռազմինֆոն շարունակում է ուսումնասիրել հակառակորդի վիրավոր հատուկջոկատայինների պատմությունները, ինչը թույլ է տալիս պատկերացում կազմել վերջին տարիներին ադրբեջանական դիվերսիաների մասին։

Նախորդ վերլուծությունում ներկայացրել էինք, թե ինչու են այս հատուկջոկատայինների պատմությունները ենթադրում հենց դիվերսիոն հարձակումներ։ Հարկ է նաև նշել, որ մեծ թվով վիրավոր հատուկջոկատայիններ կան ապրիլյան պատերազմից, որոնց առաջիկայում կանդրադառնանք։

Հավելենք, որ մենք հիմնվում ենք բաց աղբյուրներից ստացված տվյալների՝ հարցազրույցների, սոցցանցերում այդ վիրավորների մասին գրառումների, ինչպես նաև թե´ հայկական, թե´ ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարությունների վրա։


12 հոկտեմբերի, 2015թ., Թալիշ

Ադրբեջանում հայտնի վիրավոր հատուկջոկատայիններից է ավագ լեյտենանտ Կամիլ Իբադեթ օղլու Մուսավին (Kamil İbadət oğlu Musavi)։ Նա  մի քանի հարցազրույցներում, ինչպես նաև իր ֆեյսբուքյան էջում պատմում է, որ «վիրավորվել է 2015թ. հոկտեմբերի 12-ին Թալիշի ուղղությամբ և  մարտի դաշտում հայկական կողմի տեղադրած ականի պայթյունից կորցրել է մի ոտքը և  աչքը»:

2015թ․ հոկտեմբերին վիրավորված ադրբեջանցի հատուկջոկատային Կամիլ Իբադեթ օղլու Մուսավին (Kamil İbadət oğlu Musavi)

2015թ․ հոկտեմբերին վիրավորված ադրբեջանցի հատուկջոկատային Կամիլ Իբադեթ օղլու Մուսավին (Kamil İbadət oğlu Musavi)

Թեպետ 2015թ. հոկտեմբերի 12-ին ո՛չ Ադրբեջանը,  ո՛չ Հայաստանը չեն հայտնում դիվերսիայի կամ ոչ ստանդարտ իրավիճակի մասին, սակայն ուշագրավ է, որ․

  • ՊԲ-ն դրանից երկու օր առաջ՝ հոկտեմբերի 10-ին, հայտնում էր, որ Թալիշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից իրականացվել էր դիվերսիոն հարձակում, որը հաջողվել էր կանխել: Հայկական կողմը, ըստ ՊԲ տվյալների, կորուստ չուներ, իսկ ադրբեջանական կողմը կորուստներով հեռացել էր,
  • Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 10-ին հայտնում էր, որ նախորդող գիշերը «հայկական կողմի հետ բախման ժամանակ 6 հայ զինծառայող զոհվել է, կան նաև վիրավորներ։ Վիրավորվել էր նաև Ադրբեջանի ԶՈւ 1 զինծառայող»։

Նշենք, որ հայկական կողմի այդ 6 կորստի մասին մինչ այսօր որևէ տեղեկություն չի եղել։ Անհավանական ենք համարում, որ այդքան կորուստ հնարավոր լիներ թաքցնել։

Թեպետ Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտնում էր հոկտեմբերի 10-ի մեկ վիրավորի մասին, այնուամենայնիվ ՄԱԿ-ին Արդբեջանի ԱԳՆ զեկույցներում ո՛չ հոկտեմբերի 10-ի, ո՛չ էլ 12-ի վերաբերյալ տեղեկություն չկա վիրավոր զինծառայողի մասին:

ՄԱԿ–ին Ադրբեջանի զեկույցը 2015թ․ հոկտեմբերի 10-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի զեկույցը 2015թ․ հոկտեմբերի 10-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի զեկույցը 2015թ․ հոկտեմբերի 12-ի վերաբերյալ

ՄԱԿ–ին Ադրբեջանի զեկույցը 2015թ․ հոկտեմբերի 12-ի վերաբերյալ

Հարկ է նաև նշել, որ ՄԱԿ–ին Ադրբեջանի զեկույցներում չեն նշվում ականի պայթյունների դեպքերը, այդ պատճառով էլ հնարավոր է, որ Ադրբեջանի ՊՆ հայտնածը ականի պայթյունից է վիրավորվել։

Ստացվում է՝

  • Հոկտեմբերի 10-ին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հայտնում են առաջնագծում բախման մասին,
  • ՊԲ-ն նշում է, որ բախումը եղել է Թալիշի ուղղությամբ և հայկական կողմը զոհեր և վիրավորներ չի ունեցել։
  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում էր, որ բախման հետևանքով հայկական կողմը ուներ 6 զոհ, իսկ Ադրբեջանը 1 վիրավոր,
  • Քանի որ Ադրբեջանը ՄԱԿ-ին իր զեկույցներում չէր հայտնում հոկտեմբերի 10-ի մեկ վիրավորի մասին, ապա հավանաբար Ադրբեջանի ՊՆ հայտնած վիրավորը ականի պայթյունից է,
  • Հատուկջոտակային Կամիլ Մուսավին հայտնում է, որ վիրավորվել է 2015թ․ հոկտեմբերի 12-ին Թալիշի ուղղությամբ ականի պայթյունից,
  • Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը հոկտեմբերի 12-ին հայտարարություն չեն անում որևէ հարձակման մասին,
  • ՄԱԿ-ին ԱԳՆ զեկույցներում Ադրբեջանը չէր հայտնում հոկտեմբերի 12-ի վիրավոր հատուկջոկատայինի մասին։

Ելնելով այս տվայլներից, կարելի է դիտարկել երկու տարբերակ՝

  • Ե՛վ հոկտեմբերի 10-ին, և՛ հոկտեմբերի 12-ին առաջնագծում եղել է բախում Թալիշի ուղղությամբ, որոնցից մեկի մասին հայտնել էր ՊԲ-ն և Ադրբեջանի ՊՆ-ն, մյուսի մասին վկայում է հատուկջոկատային Մուսավիի դեպքը,  
  • Կամիլ Մուսավին խոսում է նույն հոկտեմբերի 10-ի դիվերսիայի մասին և սխալ է նշում իր վիրավորման օրը: Այս դեպքում նա կարող է լինել Ադրբեջանի ՊՆ հայտնած վիրավորը։ 

Ինչ հաջողվեց պարզել. 2015թ․ հոկտեմբերի 10–12-ը հայ–ադրբեջանական սահմանին եղել է հարձակում կամ հարձակումներ, ինչի արդյունքում մեզ հայտնի է 1 ադրբեջանցի վիրավոր հատուկջոկատայինի դեպք։ Հատկանշական է, որ ըստ Մուսավիի՝ ինքը վիրավորվել է «մարտի դաշտում հակառակորդի տեղադրած ականի պայթյունից»։

Նրա նշած «մարտը» եղել է հոկտեմբերի 12-ին, երբ հայկական կողմը չի հայտնել որևէ դիվերսիայի մասին։ Կարելի է ենթադրել, որ սա ադրբեջանական հերթական ձախողված հարձակումն է եղել, որի ընթացքում էլ Մուսավին պայթել է միջդիրքային գոտում, իսկ դիվերսիոն խումբը առաջ չի գնացել։

Քանի որ քիչ հավանական է, որ Կամիլ Մուսավին մի քանի անգամ սխալ է նշում իր վիրավորման օրը (հատկապես այն դեպքում երբ Ադրբեջանի ՊՆ–ն պաշտոնապես հայտնել է մեկ վիրավորի մասին), ապա կարող ենք ենթադրել, որ հոկտեմբերի 10-ին և 12-ին եղել է երկու դիվերսիոն հարձակման փորձ, որոնց արդյունքում կա առնվազն երկու ադրբեջանցի վիրավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *