Արբանյակային լուսանկարների վերլուծությամբ զբաղվող իսրայելական Image Satellite Internacional ընկերության արբանյակները ֆիքսել են վերջերս Ռուսաստանից Սիրիա մատակարարված Ս-300 ԶՀՀ-ների մարտկոցներից առնվազն մեկի տեղակայման վայրը:
We found it!#Breaking: #imagesat #intelligence report reveals the location of the first #Syrian #S300, which arrived from #Russia during the last days of September 2018. pic.twitter.com/fXMRSUHFYd
— imagesatintl (@imagesatint) October 24, 2018
Հայտնաբերված դիրքը գտնվում է Սիրիայի Մասյաֆ քաղաքի մոտակայքում: Նախկինում այստեղ ՀՕՊ դիրք չի եղել, իսկ նորի կառուցումը, ըստ աղբյուրի, սկսվել է վերջին շաբաթներին:
Դիրքում նկատվում է արձակման 4 մեքենա, իսկ դրանց հարևանությամբ քողարկաված տեխնիկա: Ըստ Image Satellite Internacional-ի վերլուծաբանների՝ թեև տեխնիկան նկատվում է, սակայն մարտկոցը դեռ ֆունկցիոնալ չէ:
Կարծում ենք, որ նման պնդումը տրամաբանական է, քանի որ տեխնիկայի հարևանությամբ չեն նկատվում լիարժեք ֆունկցիոնալ լինելու համար նախադրյալներ, օրինակ՝ ռադարներ, սնուցման կայաններ ևն:
Ըստ աղբյուրի՝ տեխնիկան մինչ Մասյաֆում ՀՕՊ դիրքի ինժեներական աշխատանքների ավարտը ժամանակավորապես տեղակայվել է Հմեյմիմ ավիաբազայի տարածքում, ապա դիրք է տեղափոխվել հոկտեմբերի 3-րդ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանը Սիրիային անվճար մատակարարել է երեք դիվիզիոն Ս–300 ՊՄ զենիթահրթիռային համալիր, 100-ից ավելի կառավարվող հրթիռներ։ Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանը հրապարակել էր Սիրիա հասած Ս-300 համալիրների բեռնաթափման կադրերը։
Ռուսաստանը Ս-300-ներ մատակարարեց Սիրիա այս տարվա սեպտեմբերի 17-ին՝ Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցումից հետո, երբ սրվեցին ռուս–իսրայելական հարաբերությունները: