Ռուսաստանը երկու շաբաթվա մեջ Սիրիայի կառավարական բանակին կմատակարարի Ս-300 զենիթահրթիռային համալիր՝ Սիրիայի հակաօդային պաշտպանության կարողությունները բարձրացնելու համար՝ կապված ռուսական Իլ-20 ինքաթիռի խոցման միջադեպի հետ։ Այս մասին, «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։
Հիշեցնենք, որ ռուսական Իլ-20 ինքնաթիռը խոցվել էր սեպտեմբերի 17-ին՝ սիրիական Ս-200-ով, Ռուսաստանը սակայն մեղադրում է Իսրայելին։ Զոհվել էր 15 մարդ։
Շոյգուն ասել է, որ անվտանգության միջոցառումները կատարվում են նախագահ Պուտինի հրամանով և այս պահին կարևորն այն է, որ սիրիական ՀՕՊ-ով ռուսական ավիացիայի նույնականացումը երաշխավորվի։
Նախարարը նաև նշել է, որ 2013-ին Ս-300 համալիրների մատակարարումը Սիրիային կանգնեցվել է հենց իսրայելական կողմի խնդրանքով, այդ ժամանակ համալիրը պատրաստ է եղել ուղարկվելու համար, իսկ սիրիացի զինվորականները անցել էին համապատասխան պատրաստություն։ Շոյգուի խոսքով՝ իրավիճակն այսօր փոխվել է և ոչ իրենց մեղքով։
Սիրիային 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 համակարգեր վաճառելու պայմանագիրը կնքվել էր 2010-ին: Սակայն Սիրիայում պատերազմական վիճակի պատճառով, ինչպես նաև Իսրայելի խնդրանքով Ռուսաստանը սառեցրել էր գործարքի կատարումը: Արդյունքում Սիրիա էին հասել միայն համակարգի ռադիոտեղորոշման կայանները, իսկ հրթիռների արձակման կայանները մնացել էին Ռուսաստանում:
Հետագայում ռուսաստանյան կողմը հայտարարել էր, որ մտադիր չէ վնասներ կրել պայմանագրի չկատարումից և պատրաստ է համակարգերը տրամադրել այլ պատվիրատուի, այդ պատվիրատուն պետք է դառնար Իրանը, սակայն ծրագիրը չիրականացավ։
Նշենք, որ Սիրիային Ս-300 համակարգեր մատակարարելու մասին տեղեկությունները նորից սկսեցին տարածվել այս տարվա ապրիլի 14-ից հետո, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ հասցրին Սիրիայի տարածքում՝ այդ երկրի նախագահին մեղադրելով քիմիական զենքի օգտագործման համար:
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է իրականացնել բոլոր անհրաժեշտ քայլերը Սիրիայի պաշտպանական կարողությունները բարձրացնելու համար, այդ թվում նաև մատակարարել Ս-300 համակարգեր: Սակայն ավելի ուշ՝ մայիսին, ՌԴ նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել էր, որ ռուս-սիրիական բանակցություններ չեն ընթանում համալիրների վաճառքի հարցով:
Հետաքրքիր է, որ մինչ այդ Իսրայելի վարչապետը այցելել էր Ռուսաստան։ Սակայն Պուտինի խոսնակ Պեսկովը հայտարարել էր, որ այցը որևէ կապ չունի Ս-300 չվաճառելու որոշման հետ։