Ռուսաստանը Սիրիային նվիրել է Ս-300ՊՄ համալիրների 24 արձակման կայան․ «ՏԱՍՍ»

Ռուսաստանը Սիրիային անվճար մատակարարել է երեք դիվիզիոն Ս–300ՊՄ զենիթահրթիռային համալիր, յուրաքանչյուր դիվիզիոնում՝ 8 արձակման կայան և 100-ից ավելի կառավարվող հրթիռներ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հոկտեմբերի 2-ին Ռուսաստանը հրապարակել էր Սիրիա հասած Ս-300 համալիրների բեռնաթափման կադրերը։

https://youtu.be/H4lVsAEijL4?t=49

Աղբյուրը հայտնել է, որ մատակարարումն ավարտվել է հոկտեմբերի 1–ին, իսկ մինչ այդ Ս–300ՊՄ ԶՀՀ–ները երկրի ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային գնդերից մեկի կազմում էին, որտեղ կապիտալ վերանորոգվել են։

Նախկինում Իսրայելի խնդրանքով Ռուսաստանը կանգնեցրել էր համալիրների մատակարարումը Սիրիային։ Սակայն սեպտեմբերի 17-ին Սիրիայում ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցումից հետո ռուս–իսրայելական հարաբերությունները սրվել են․ Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուի խոսքով՝ իրավիճակը փոխվել է ոչ իրենց մեղքով։  Հիշեցնենք, որ ռուսական ինքնաթիռը խոցվել է կառավարական Ս-200-ով, սակայն Ռուսաստանը մեղադրում է Իսրայելին՝ դիտավորյալ սադրելու համար։

Սիրիային Ս-300–ներ մատակարելու որոշումը կայացրել է Պուտինը, նպատակը «ռուսաստանցի զինվորականների անվտանգությունը և ռուսական ինքնաթիռների նույնականացումը ապահովելն է»։

Նշենք, որ Ռուսաստանը «երբեմն հիշում էր» Սիրիային չմատակարարված Ս-300–ների մասին և տարբեր առիթներով հայտարարում դրանց հնարավոր մատակարարման մասին։ Վերջին այդպիսի հայտարարությունն եղավ ապրիլի 14-ից հետո, երբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համատեղ հարվածներ հասցրին Սիրիայի տարածքում՝  երկրի նախագահին մեղադրելով քիմիական զենքի օգտագործման համար։ Ավելի ուշ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի Ռուսաստան այցից հետո, հայտարարվեց, որ համալիրների վաճառքի հարցով բանակցություններ չեն արվում։

Սիրիային 4 դիվիզիոն Ս-300ՊՄՈւ-2 համակարգեր վաճառելու պայմանագիրը կնքվել էր 2010-ին: Սակայն Սիրիայում պատերազմական վիճակի պատճառով, ինչպես նաև Իսրայելի խնդրանքով Ռուսաստանը սառեցրել էր գործարքի կատարումը: Արդյունքում Սիրիա էին հասել միայն համակարգի ռադիոտեղորոշման կայանները, իսկ հրթիռների արձակման կայանները մնացել էին Ռուսաստանում:

Ռուսաստանում արտադրվող Ս-300 ընտանիքի զենիթահրթիռային համակարգերը նախատեսված են պետական և ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային պաշտպանության ապահովման համար:

Համակարգի Ս-300ՊՄՈւ-2 տարբերակից ունի Ադրբեջանի բանակը, իսկ Հայաստանը՝ Ս-300ՊՍ և Ս-300ՊՏ տարբերակները:

Նանե Պետրոսյան

Լուսանկարը՝ Սերգեյ Բոբիլևի/«ՏԱՍՍ» գործակալության

Լուսանկարը՝ Սերգեյ Բոբիլևի/«ՏԱՍՍ» գործակալության

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *