2019թ․ Ս–400–ները և 2 միավոր F-35 ինքնաթիռ կլինեն Թուրքիայում․ Թուրքիայի պաշտպանության նախարար

Ռուսական Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերի տեղակայումը Թուրքիայում կսկսի 2019թ․ հոկտեմբերին, իսկ մարտին էլ ԱՄՆ–ից Թուրքիա կմատակարարվի 2 միավոր F-35 կործանիչ։ 

Այս մասին հոկտեմբերի 25–ին թուրքական պետական Անադոլու գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Անդրադառնալով Ս–400-ների վերաբերյալ ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի բողոքներին՝ Աքարը նշել է, որ ռուսական համակարգերը օգտագործվելու են ՆԱՏՕ համակարգերից անկախ և բոլորովին այլ ձևով․

«․․․ Կարծում եմ, որ ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն անհանգստանալու կարիք չունեն։ Այստեղ թույլ չենք տա, որ ԱՄՆ կամ ՆԱՏՕ համակարգերի նկատմամբ որևէ ոտնձգություն լինի։ ․․․ »։

Աքարը նշել է, որ Թուրքիան սպասում է ԱՄՆ Պենտագոնի կողմից ներկայացվող զեկույցին, որի ներկայացման ժամկետը լրանում է նոյեմբերին 13-ին, և, չնայած այդ զեկույցին, F-35–երի ծրագրում որևէ փոփոխություն չի եղել․

«Գործընթացը շարունակվում է։ Հունիսին մեզ երկու միավոր F-35 մատակարարվեց:Այս ըթնացքում մեր 4 օդաչուները մեկնել են ԱՄՆ՝ վարժանքների։ ․․․ Թուրքիայում F-35–երը տեղակայվելու են Մալաթիայում։ Այնտեղ էլ ենթակառուցվածքային աշխատանքները ակտիվ շարունակվում են։ Երրորդ և չորրորդ ինքնաթիռներն էլ կմատակարարվեն հաջորդ տարվա մարտին ․․․ »։

Հիշեցնենք, որ Թուրքիան 2017թ․ դեկտեմբերին պայմանագիր էր ստորագրել Ռուսաստանի հետ Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ համակարգերը գնելու համար։ Այդ ընթացքում ԱՄՆ–ն և ՆԱՏՕ–ն սկսեցին մտահոգություններ հայտնել Թուրքիային ռուսական համակարգերը չգնելու համար, նշելով, որ դա կարող է ազդել Թուրքիա–ՆԱՏՕ հարաբերությունների վրա։

Թուրքական կողմը բազմիցս նշում էր, որ Ս-400–ներն անհրաժեշտություն են, քանի որ ՆԱՏՕ–ն չի կարող ամբողջությամբ պահել Թուրքիայի օդային տարածքները։

Երկկողմ մտահոգություններից և նախազգուշացումներից հետո ԱՄՆ–ն այս տարվա հուլիսին ժամանակավորապես արգելափակեց F-35–երի Թուրքիա մատակարարումը՝ մինչև Պենտագոնը 90–օրյա ժամկետում կներկայացնի զեկույց Թուրքիայի F-35–երի ծրագրի մասնակցության մասին։ Սակայն թուրքական կողմը շարունակում է պնդել, որ ծրագրում որևէ փոփոխություն չի եղել և ամեն ինչ իր հունով է ընթանում։

ԱՄՆ–ն այս ընթացքում Թուրքիայի նկատմամբ կիրառեց նաև պատժամիջոցներ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնին ազատելու համար։ Վերջինս Թուրքիայում ձերբակալվել էր «ահաբեկչական կազմակերպությունների» հետ կապի համար։

Չնայած Թուրքիան հայտարարում էր, որ Բրանսոնի մասին որոշումը կայացնելու է «Թուրքիայի անկախ դատական համակարգը» և ԱՄՆ–ն չի կարող պատժամիջոցներով սպառնալ իրենց, այնուամենայնիվ, հոկտեմբերի 13-ին Էնդրյու Բրանսոնը ազատ արձակվեց և մեկնեց ԱՄՆ։ Դեռևս որևէ հայտարարություն չկա այն մասին, որ ԱՄՆ–ն Բրանսոնի վերադարձից հետո հանել է իր սահմանած պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *