ԱՄՆ–ն Ս–400-ներից հրաժարվելու համար Թուրքիային երկու շաբաթ է տվել. CNBC

ԱՄՆ–ն Թուրքիայից պահանջել է, որ մինչև հունիսի առաջին շաբաթվա վերջ հրաժարվի ռուսական Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գործարքից, այլապես՝ դուրս կմնա F-35-երի ծրագրից, կենթարկվի պատժամիջոցների ու խնդիրներ կունենա ՆԱՏՕ–ի հետ։

Այս տեղեկությունը հրապարակել է ամերիկյան CNBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին։ ԱՄՆ–ն Թուրքիայից պահանջել է ռուսական ՀՕՊ համակարգի փոխարեն գնել ամերիկյան արտադրության Patriot ՀՕՊ համակարգերը։ Ըստ աղբյուրի՝ սա ԱՄՆ վերջին առաջարկն է խնդրի շուրջ։

Նշենք, որ ամերիկյան կողմը մշտապես սպառնացել է Թուրքիային, թե վերջինս ռուսական համակարգերը գնելու համար կարող է դուրս մնալ F-35-երի ծրագրից, կարող է վտանգվել վերջինիս դաշնակցությունը ՆԱՏՕ-ին և Անկարան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ։

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին ԱՄՆ մի քանի կոնգրեսական բանաձև են առաջարկել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին ռուսական Ս-400 համակարգերը գնելու պատճառով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։ Բացի այդ` կոնգրեսականներն առաջարկել են նաև հանել Թուրքիային ամերիկյան F-35 կործանիչերի ծրագրից։ Ըստ նախագծի Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կսահմանվեն «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքով։

ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները լարվել են 2017թ. դեկտեմբերին՝ ռուսաստանյան Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործարքի պատճառով։ Այս համակարգերի Թուրքիա մատակարարումը նախատեսվում է հուլիսին, սակայն թուրքական կողմը հայտարարում է, որ մատակարարումը կարող է նաև ավելի շուտ լինել։

Ըստ թուրքական աղբյուրների՝ մատակարարվելու է 36 արձակման կայան և 192 հրթիռ։ Այս գործարքով Թուրքիան ու Ռուսաստանը ունենալու են Ս–400-ների որոշ մասերի համատեղ արտադրություն։ 

ԱՄՆ-ն այս գործարքի համար հետաձգում է [1] Թուրքիային 5-րդ սերնդի F-35 կործանիչների մատակարարումը՝ պնդելով, որ ռուսական համակարգն ու ամերիկյան կործանիչը չեն կարող միաժամանակ նույն երկրում լինել, քանի որ ռուսական համակարգերը կարող են հասկանալ տեխնիկական որոշ տվյալներ, որոնք թույլ կտան որսալ ամերիկյան կործանիչը։ 100 միավոր F-35-եր Թուրքիային պետք է մատակարարվեր այս տարվանից սկսած, սակայն փետրվարին ԱՄՆ–ն մատակարարումը հետաձգեց մինչև նոյեմբերի 1–ը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *