Ապրիլի 16-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է ռուսական Ս–400 ՀՕՊ համակարգերը ստանալ այս տարի հունիսին։ Ըստ նախարարի՝ դրանք պաշտպանելու են Անկարայի ու Ստամբուլի օդային սահմանները։
Պաշտպանության նախարարի հայտարարությունները փոխանցում է Թուրքիայի պետական «Անադոլու» գործակալությունը։ Նախարարը նշել է, որ այս ժամկետը առաջարկել է ռուսական կողմը։
Աքարը, անդրադառնալով ԱՄՆ դիտարկումներին, թե ռուսական համակարգը ամերիկյան F-35 կործանիչի հետ նույն տարածքում լինելով կարող է հասկանալ, թե ինչպես այն որսալ, հայտարարել է, որ F–35-երը տեղադրվելու են Ս–400-ներից հեռու՝ Մալաթիա նահանգի ավիաբազայում, հետևաբար չեն լինելու անվտանգության նույն գոտում։
Աքարը նշել է նաև, որ ամերիկյան կողմը Թուրքիային Patriot համակարգի գնման նոր առաջարկ է արել, և կողմերն այժմ աշխատում են այդ ուղղությամբ:
Հիշեցնենք, որ թուրքական իշխանամետ «Յենիշաֆաք» թերթը մարտի 20-ին գրել էր, որ ռուսական ՀՕՊ համակարգերը տեղակայվելու են Անկարայի հյուսիսարևմտյան «Աքընջը» ավիաբազայում։ Ավելին՝ աղբյուրը նշում էր, որ այդ տարածքում արդեն աշխատանքներ են տարվում։ Այն ժամանակ, դիտարկելով արբանյակային 2019թ. փետրվարի լուսանկարները, մենք նման բան չնկատեցինք:
Հավելենք, որ Ս-400–ների գնման համար Թուրքիայի ու Ռուսաստանի միջև 2017թ. դեկտեմբերին կնքված պայմանագրից հետո, ԱՄՆ–ն ու ՆԱՏՕ–ն դեմ են արտահայտվում Թուրքիայի ռուսական ՀՕՊ համակարգերի գնմանը` նշելով, որ դրանք չեն համապատասխանում ՆԱՏՕ ստանդարտներին։
ԱՄՆ–ն սպառնում է Թուրքիային հանել ամերիկյան F-35 կործանիչների ծրագրից, եթե Թուրքիան չհրաժարվի ռուսական համակարգից։ Ամերիկյան կողմը նշում է, որ ռուսական ՀՕՊ–ը իրենց կործանիչի հետ միևնույն տարածքում լինելով կհասկանա դրա տեխնիկական հնարավորություններն ու որսալու տարբերակները։
Նշենք նաև, որ Թուրքիան արդեն ստացել է 4 միավոր F-35 կործանիչ, որոնք բոլորն էլ առայժմ շարունակում են մնալ ԱՄՆ Արիզոնա նահանգի Լյուկ ավիաբազայում, որտեղ թուրք օդաչուները վերապատրաստումներ են անցնում։ Դրանք նախատեսվում է Թուրքիա մատակարարել նոյեմբերին, քանի որ փետրվարի 21–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր որոշում մինչև նոյեմբերի 1–ը F-35 կործանիչների Թուրքիա մատակարարումն արգելափակելու մասին։ Արդեն մարտի վերջին ամերիկացի մի քանի սենատոր նախագիծ առաջարկեցին Թուրքիային կործանիչների մատակարարումը այնքան ժամանակ արգելափակելու մասին, մինչև Թուրքիան կհրաժարվի Ս-400-ներից։