2015-ին Թուրքիան իրականացրել է շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմարդյունաբերական գործարք

Նախորդ տարվա ընթացքում Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերի թիվը հասել է 416-ի, այդ թվում՝ թուրքական զինուժի և ուժային այլ կառույցների կարիքները բավարարելու համար կնքվել է 213 պայմանագիր, իսկ 183-ը դեռևս պայմանգրով չի հաստատվել: Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 85,5 մլրդ թուրքական լիրա (շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլար): Այս մասին մարտի 2-ին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքական «Ալթայ» ազգային տանկը IDEF-2015 ցուցահանդեսում

Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտում բոլոր գործարքներն ու ծրագրերն իրականացնում է Թուրքիայի կառավարությանն առընթեր պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ): Թուրքիայի զինուժը, ուժային կառույցները ներկայացնում են իրենց կարիքներին համապատասխան ծրագրեր, իսկ ՊԱԳՎ-ն պայմանագիր է ստորագրում տեղական կամ արտասահմանյան ընկերությունների հետ:

Վերջին տարիներին Թուրքիայում մեծ ուշադրություն է դարձվում տեղական արտադրության սպառազինությունների և ռազմական նշանակության այլ արտադրանքների զարգացմանը, իրականացվում են մի շարք նոր ծրագրեր: 2015-ի ընթացքում թուրքական զինուժը շարունակել է համալրվել տեղական արտադրության սպառազինությամբ: Նշենք նաև, որ թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների հիմնական մասի համասեփականատեր է նաև ՊԱԳՎ-ն:

Այսպես, 2015-ի օգոստոսին հայտնի դարձավ, որ հուլիսի 31-ին թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունն արդեն ավարտել էր 9 միավոր T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռների տրամադրումը Թուրքիա ԶՈւ ցամաքային զորքերին: 2015-ի դեկտեմբերից Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերը սկսել են ստանալ թուրք-իտալական համատեղ արտադրության TAI T129B հարվածային ուղղաթիռների առաջին խմբաքանակը։

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը

2015-ին ավարտվել է թուրքական «Ալթայ» տանկի նախատիպների ստեղծման փուլը, սակայն դեռևս շարունակվում են փորձարկումները, ինչպես նաև դեռևս անհայտ է տանկի շարժիչի ճակատագիրը: Արտասահմանյան ընկերությունների հետ բանակցությունների ձախողումից հետո Թուրքիան հայտարարեց սեփական շարժիչներ արտադրելու մասին, սակայն 2015-ի նոյեմբերին հայտնի դարձավ, որ տանկի դիզելային շարժիչների արտադրությունը հնարավոր է սկսել միայն 2020-ին:

Շարունակվում է «Ազգային նավ» (MilGem) նախագծի իրականացումը, սակայն այս հարցում դեռևս շոշափելի արդյունքներ չեն գրանցվել: 2015-ի մայիսի 7-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը LPD (Landing Platform Docks) դեսանտային նավերի գնման պայմանագիր էր ստորագրել թուրքական Sedef նավաշինական ընկերության հետ։

Թուրքական ռազմանավերի կառուցման ծրագրի շրջանակներում երկու կորվետ արդեն պատրաստ է, իսկ երրորդի՝ «Բուրգազադա» կորվետի կառուցումը շարունակվում է: Նշենք, որ այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել 5 կորվետ: Ծովային պարեկության և առափնյա անվտանգության ինքնաթիռների «Մելթեմ-2» ծրագրով նախատեսված 6 միավոր ինքնաթիռ փորձարկման փուլում է, 8 միավոր էլ արդեն հանձնվել է 2014-ին:

2015-ի հունիսին Թուրքիայի զինված ուժերին է հանձնվել թուրքական արտադրության 12 միավոր «Բայրաքթար» հետախուզական ԱԹՍ-ների 6 միավորանոց երկրորդ խմբաքանակը:  2015 թվականի հունվարի 30-ին առաջին թռիչքն էր կատարել  Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» ԱԹՍ-ն, որը թուրքական զինուժի սպառազինությունը համալրել է 2016-ի փետրվարին:

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք

Թուրքական ԹԱԻ (TAI) ռազմարդյունաբերական ընկերության արտադրության «Անքա Ա» (ANKA Blok-A) անօդաչու թռչող սարք

2015-ի հունվարի 7-ին անցկացված պաշտպանական արդյունաբերության կոմիտեի ժողովը որոշել էր անցնել MPT-76 «Մեհմեթչիք-2» ինքնաձիգների սերիական արտադրության՝ առաջին փուլում արտադրելով 35 հազար ինքնաձիգ: Դրանցիցի 20 հազարի մատակարաման պայմանագիրը ստորագրվել էր հունիսին, իսկ 15 հազարինը` դեկտեմբերին:

Բացի նշվածները, իրականացվել են մի շարք այլ ծրագրեր, այդ թվում նաև՝ արտասահմանյան ընկերությունների հետ: Համեմատության համար նշենք, որ 2014-ին Թուրքիայի ՊԱԳՎ-ն իրականացրել է շուրջ 59 մլրդ թուրքական լիրայի (20 մլրդ ԱՄՆ դոլար) նախագիծ:

Ավելացնենք, որ Թուրքիայի՝ 2015-ի պաշտպանական և ավիատիեզերական ոլորտների ռազմական արտադրանքի արտահանումը 2014-ի արտահանման ծավալների համեմատ ավելացել էր  ընդամենը 0,5 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 655 մլն 752  հազար ամերիկյան դոլար:

Հիշեցնենք, որ համաձայն «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) զեկույցի` 2014-ին թուրքական երկու ընկերություն տեղ էին գտել աշխարհի` 100 ամենաշատ ռազմական արտադրանք վաճառած ռազմարդյունաբերական ընկերությունների ցուցակում:

One response to “2015-ին Թուրքիան իրականացրել է շուրջ 29 մլրդ ԱՄՆ դոլարի ռազմարդյունաբերական գործարք

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 28 փետրվարի – 5 մարտի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *