Փետրվարի 29-ից մարտի 2-ը ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի պլանավորման և վերանայման գործընթացի շրջանակներում ՀՀ գործընկերության նպատակների նոր փաթեթը համաձայնեցնելու նպատակով Երևանում էր ՆԱՏՕ-ի կառույցների համահավաք պատվիրակությունը։ Այս մասին մարտի 2-ին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։

ՀՀ պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության հանդիպում Երևանում
Պատվիրակությունը գլխավորել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի` պաշտպանական քաղաքականության և պլանավորման հարցերով փոխօգնական Ջոնաթան Փերիշը:
Պաշտպանության նախարարության` ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համար պատասխանատու աշխատակիցների և ՆԱՏՕ-ի պատվիրակության եռօրյա քննարկումների ծրագրում ներառվել են Պլանավորման և Վերանայման Գործընթացի 2014-2015 թթ. փաստաթղթով սահմանված գործընկերության նպատակների կատարման վերստուգման, առաջիկա երկու տարիների համար գործընկերության նոր նպատակների համաձայնեցման հարցեր:
Մարտի 2-ին ՆԱՏՕ-ի պատվիրակության անդամներին ընդունել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղենիշները, գործընկերության նպատակների կատարման ընթացքը: Օհանյանն արժևորել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, որը ներառում է ինչպես միջազգային անվտանգության ապահովման գործում Հայաստանի հանձնառությունների կատարմումը, այնպես էլ` Հայաստանում պաշտպանական վերափոխումների իրականացումը:
Իր հերթին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխօգնականը բարձր է գնահատել ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղապահ առաքելություններին հայկական զորախմբերի շարունակական մասնակցությունը:
Ավելացնենք, որ Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի տվյալներով՝ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերային համագործակցությունը զարգանում է անվտանգության խնդիրների շուրջ քաղաքական երկխոսության, պաշտպանական բարեփոխումների, արտակարգ իրավիճակներին արձագանքման պլանավորման, «Գիտություն հանուն խաղաղության», Կոսովոյում և Աֆղանստանում խաղաղության հաստատման միջազգային գործողություններին Հայաստանի մասնակցության միջոցով: Համագործակցություն է ընթանում նաև Զինված ուժերի ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության և բարեվարքության ամրապնդման ոլորտներում:
Pingback: Բրյուսելում կանցկացվի Հայաստան-ՆԱՏՕ խորհրդակցություն | Ռազմ.info
Pingback: ՀՀ ԱԳՆ և ՊՆ ղեկավարները մասնակցել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության խորհրդի նիստին | Ռազմ.info