Թուրքական TAI ռազմարդյունաբերական ընկերության «Անքա» անօդաչու թռչող սարքի նոր տեսակը հունվարի 30-ին հաջողությամբ իրականացրել է իր առաջին թռիչքը՝ համալրված թուրքական «Ասելսան» ընկերության արտադրած ռադարային համակարգով։ Այդ մասին նշվում է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության տարածած հաղորդագրությունում։
2013-ին Block A կարգավորմանն ուղղված պահանջներին բավարարելուց հետո «Անքա» ԱԹՍ-ի համակարգում սկսեցին փոփոխություններ իրականացնել, որի արդյունքում ստեղծվեց «Անքա» Block B նոր տարբերակը, որն էլ իր առաջին թռիչքը հաջողությամբ իրականացրեց 2015-ի հունվարի 30-ին։
ԱԹՍ-ի նոր տարբերակի առաջին թռիչքը և վայրեջքը եղել են ավտոմատացված, հաջողությամբ են ավարտվել նաև ինքնանետման և վայրեջքի համակարգերի փորձարկումները։ Նոր մոդելի վրա նախկին Block A-ի ինֆրակարմիր և ցերեկային տեսախցիկներից ու բարձր որակի տեսանյութեր ստանալու ու փոխանցելու սենսորային տեսախցիկներից բացի, տեղադրվել է նաև հետախուզական ու թիրախների հայտնաբերման ռադարային համակարգը՝ ԱԹՍ-ի օգտակար բեռնատարողության մեծացման շնորհիվ։
Հիշեցնենք, որ «Ասելսան»-ի արտադրած ռադարի տեղադրման աշխատանքները սկսվել էին դեռս 2014-ի սկզբին։ Այդ ժամանակ նշվում էր, որ նոր «Անքան» նոր ռադարով համալրված առաջին թռիչքը կիրականացնի 2014-ի երկրորդ կեսին։
«Անքայի» նոր տարբերակը օդում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, բարձրանալ առավելագույնը մոտ 9 կմ, իսկ թռիչքի առավեկագույն հեռավորությունը 200կմ է։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. 1-7 փետրվարի, 2015 | Ռազմ.info
Pingback: Թուրքական արտադրության «Անքա Ա» ԱԹՍ-ն համալրել է Թուրքիայի ԶՈւ սպառազինությունը | Ռազմ.info